copy image url
Արտաքին 55 րոպե առաջ - 19:39 13-08-2026

Մեքքայի համաձայնագիրը չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք կամ մրցակից. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի նպատակն է պաշտպանության և անվտանգության ոլորտներում երեք երկրների միջև հարաբերությունները դարձնել առավել ինստիտուցիոնալ և կայուն՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ համաձայնագիրը պաշտպանական բնույթ ունի և որևէ երկրի չի սահմանում որպես ընդհանուր թշնամի կամ հակառակորդ: Այն չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք կամ մրցակից։ Մեքքայի համաձայնագրի շրջանակում գործողությունները համակարգելու համար Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան կստեղծեն քաղաքական և ռազմական մեխանիզմներ, որոնք կմիավորեն երեք երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև ռազմական հրամանատարներին։

Համաձայնագիրը նախատեսում է ռազմական համագործակցության աստիճանական խորացում՝ համատեղ զորավարժությունների անցկացմամբ: Նաև նախատեսվում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Մեխանիզմի զարգացմանը զուգահեռ հետագայում կարող է քննարկվել համաձայնագրին այլ երկրների միանալու հնարավորությունը:

Օգոստոսի 7-ին Անկարան, Իսլամաբադը և Էր Ռիադը ստորագրել են Մեքքայի համաձայնագիրը, որը, ՆԱՏՕ-ի օրինակով, ներառում է հավաքական պաշտպանության սկզբունքը՝ երկրներից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։