copy image url
Ներքին 58 րոպե առաջ - 20:16 13-08-2026

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։

Ինչպես տեղեկացնում են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից՝ «Դարիալի» սահմանային անցակետը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Դևդորակիի կիրճում, որտեղ գտնվում է քաղաքացիների անցակետը, ջրի մակարդակի բարձրացման պատճառով։

«Դևդորակիում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգով, որը ֆիքսում է գետահունում հոսքի նույնիսկ աննկատ փոփոխությունները, ազդանշան է ստացվել։ Արձանագրության համաձայն՝ իրականացվել է այդ պահին անցակետում գտնվող քաղաքացիների, այնտեղ աշխատող պարեկային ոստիկանության, սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների տարհանում», - ասվում էր Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

Կանխարգելման նպատակով սահմանից ոչ հեռու գտնվող Գվելեթի գյուղի մոտ սահմանափակվել է ավտոտրանսպորտի շարժը, ավելացրել են ՆԳՆ-ում։

«Կազբեգի - Վերին Լարս»-ը միակ գործող անցակետն է, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ։