Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ֆինանսական թափանցիկության և ծախսերի վերահսկողության հարցը շարունակում է մնալ հանրային քննարկումների կենտրոնում: «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար քննադատում են իշխող ուժին՝ նրանց վերագրելով նախընտրական ֆինանսավորման հետ կապված տարբեր չարաշահումներ:
Այս ֆոնին, սակայն, հանրային ուշադրության են արժանանում նաև հենց այս քաղաքական ուժի հետ կապվող ֆինանսական տվյալները:
Ըստ առկա փաստաթղթերի՝ «Սահմանադրական հանրապետություն» քաղաքացիական նախաձեռնություն ՀԿ-ն և «Միասնության թևեր» կուսակցությունը գրանցված են միևնույն հասցեում՝ ք. Երևան, Կորյունի 14, 10-րդ հարկ:

Պաշտոնական հաշվետվությունների տվյալները ցույց են տալիս, որ նախընտրական շրջանում (2026 թվականի ապրիլ և մայիս ամիսներին) հիշյալ ՀԿ-ի անվամբ արձանագրվել են տասնյակ միլիոնավոր դրամների հասնող խոշոր գործարքներ: Մասնավորապես, ձևակերպվել են վճարումներ մեդիա քարոզչության, PR խորհրդատվության, ինչպես նաև 38 տարբեր տարածքների վարձակալության և ընտրական շտաբների փոխհատուցման համար: Այս գործարքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 57.5 միլիոն ՀՀ դրամ:

Այս փաստերը հարցեր են առաջացնում այն մասին, թե որքանով են ՀԿ-ների միջոցով կատարվող նմանատիպ ծախսերը փոխկապակցված բուն նախընտրական քարոզարշավի հետ:
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ նման քայլերը հարկային և ֆինանսական գիտելիքները գործնականում ճիշտ օգտագործելու արդյունք են։ Այս քայլով օրինական ճանապարհով տարանջատվում են ծախսերը, և նախընտրական հիմնադրամի հաշվետվությունները մնում են օրենքի սահմաններում:

Քաղաքական դաշտի թափանցիկության և ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար կարևոր է, որ ֆինանսական միջոցների վերաբերյալ հնչող հարցադրումները ստանան սպառիչ պարզաբանումներ: Այս նպատակով Oragir.News-ը պաշտոնական հարցում է ուղարկել «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակ: Կուսակցության պաշտոնական պատասխանը կհրապարակվի ստանալուն պես։