Բազմաբնակարան շենքերի բակերը հանրային տարածքներ են, սակայն այսօր բնակիչների մի խումբը հաճախ ինքնակամ շլագբաումներ է տեղադրում՝ դրանք վերածելով անհատական փակ ավտոկանգառների։
Իրավիճակը կտրուկ սրվեց հատկապես կարմիր գծերի թանկացումից հետո, երբ վարորդները, փողոցում չվճարելու համար, մուտք գործեցին բակեր՝ երեխաներին զրկելով անվտանգ խաղալու իրավունքից։
Այս ամենի արմատները գալիս են անցյալից. շլագբաումների տեղադրումն այն եզակի թույլտվություններից է, որը միշտ եղել է քաղաքային իշխանության և վարչական շրջանների ղեկավարների լիազորության ներքո։ Ժամանակին այդ թույլտվությունները տրվել են շատ հեշտ՝ առանց երկարաժամկետ հետևանքները հաշվարկելու։ Սակայն, ինչպես նշում է Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, սա ընդամենը հետևանք է։
«Բուն պատճառն այն է, որ Երևանի բակերն այսօր իրավականորեն չեն կառավարվում. համատիրություններն իրականում ղեկավարում են միայն շենքերը, իսկ բակային տարածքները, մայթերն ու ներքին անցումները մնացել են անտերության մատնված»,- ասում է Մնացականյանը։
Նրա խոսքով՝ մինչև քաղաքային իշխանությունները հստակ որոշումներով ու նորմատիվ ակտերով չփոխեն բակերի կառավարման մոդելը, այս բարձիթողի վիճակը շարունակվելու է։
«Բերեմ մեր բակի օրինակը. հարակից գրասենյակների, բանկերի կամ ատամնաբուժարանների աշխատակիցներն ու հաճախորդները չեն ուզում վճարել կարմիր գծերի համար և բնականաբար փորձում են անվճար կայանել բակում։ Արդյունքում՝ խախտվում են բնակիչների, հատկապես երեխաների իրավունքները, և բակը վերածվում է վտանգավոր գոտու, սուպերմարկետների բեռնաթափման կետի կամ ավտոտնակների համալիրի։ Ահա թե ինչու պետք է հիմնովին վերանայվի բակի իրավական ստատուսը։
Օրենքով պետք է հստակ սահմանվի, որ բակի բնակիչների անվտանգությունն ու շահն անհամեմատ ավելի առաջնային են, քան հարակից բիզնեսների, առաքիչների կամ գրասենյակների հարմարավետությունը։
Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից տրված հին, անօրինական թույլտվություններին, ապա դրանց դեմ պետք է պայքարել իրավական ճանապարհով. եթե կան ակնհայտ խախտումներ, պետք է դիմել դատարան և հասնել այդ որոշումների չեղարկմանը»,- կարծում է Վիկտոր Մնացականյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։