copy image url
Ներքին Միտք 49 րոպե առաջ - 16:00 09-09-2026

Ինչ պետք է պահանջի Փաշինյանը Պուտինից, որ ռուսական շուկան բացվի

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՀՀ իշխանությունները անսպասելի խիզախություն են ձեռք բերել և պահանջում են հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ սահմանափակումները ճանաչել արտահանման արհեստական խոչընդոտ և ԵԱՏՄ կանոնների խախտում։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը։

ՀՀ-ն ինչո՞ւ է 3 ամիս անց այսպիսի պահանջ ներկայացնում, և ուրիշ ի՞նչ կարող է պահանջել Փաշինյանը Պուտինից։

ՌԴ-ն Հայաստանից արտահանվող ապրանքների դեմ սկսեց փակել դռները մայիսի վերջին։ Այդ ժամանակ ասում էին, թե սա նախընտրական թեմայի մեջ է, իբր այսպես Մոսկվան անուղղակի աջակցում է ընդդիմադիր ռուսամետ ուժերին։ Հավանաբար՝ Կրեմլում ակնկալում էին, որ մարդիկ կվախենան Ռուսաստանի կիրառած պատժամիջոցներից ու ձայն կտան ռուսամետ ուժերին, որ Մոսկվան ավելի մեծ վատություն ու վնաս չպատճառի հայ ժողովրդին։ Նաև սրանով է բացատրվում այն, որ ժողովուրդը ձայն տվեց ռուսամետ ուժերին։ ՔՊ-ական իշխանությունն այս շրջանում պաշտոնապես չհայտարարեց, որ ՌԴ-ն արհեստական խոչընդոտ է ստեղծում, խախտում ԵԱՏՄ կանոնները։

Ընտրություններից հետո ռուսական պատժամիջոցները շարունակվեցին և ավելի ընդլայնվեցին։ Այս ժամանակ էլ ասում էին, թե Մոսկվան ճնշում է իշխանությունների վրա, որ վերջիններս պաշտոնապես հրաժարվեն Եվրամիությանն անդամակցելու մտքից։ Մոսկվայում, հավանաբար, ակնկալում էին, որ ՀՀ իշխանությունները կվախենային այս պատժամիջոցներից ու կհայտարարեին, որ ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի, թե ԵՄ-ին միանալու օրենքը բլեֆ էր, լուրջ չէր, թե ՀՀ-ն մնում է ԵԱՏՄ-ում, անկախություն, ժողովրդավարություն չի ուզում։

Այդպես էլ եղավ։ Փաշինյանը նախ հայտարարեց, որ ԵՄ-ին միանալու հարց այսօր գոյություն չունի, դա վերացական այլընտրանք է։ Իսկ օրեր առաջ Բիշքեկում ՌԴ նախագահ Պուտինի պարզ դիտարկմանը պատասխանելիս, Փաշինյանն ավելի հեռուն գնաց. «Կարծում եմ, և ես այդ մասին հրապարակայնորեն էլ եմ ասում, որ մենք հասկանում ենք՝ կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի շատ հստակ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը դեռ չի հասունացել, հիմա մենք դրա կարիքը չունենք, որովհետև, ըստ էության, այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ»։

Այսպիսով՝ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ-ին միանալը նույնիսկ այլընտրանք չէ, Հայաստանն այլընտրանք չունի, մնում է ռուսական, հակաքաղաքակրթական գոտու երկիր։ Ինչո՞ւ այսքանից հետո ռուսները չեն բացում իրենց շուկան հայկական ապրանքի դիմաց, չեն հանում արհեստական խոչընդոտները, է՞լ ինչ են ուզում։

Մոսկվան, տեսնելով, որ տնտեսական ճնշումների տակ Փաշինյանը նահանջում է, հավանաբար, ավելի մեծ պահանջներ է ներկայացրել, ինչպես «Չարի վերջի» աղվեսը։ Այս ենթադրյալ ավելի մեծ պահանջներից հետո ՔՊ-ական իշխանությունը սահմանափակումները որակել ԵԱՏՄ կանոնների խախտում, արհեստական խոչընդոտ։

Սա լուրջ պահանջ է Հայաստանի կողմից։ Այսպիսով՝ ակնարկվում է, որ ՌԴ պետական կառույցների պաշտոնական պատճառաբանությունները հայկական ապրանքները ռուսական շուկա չթողնելու վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը, խոչընդոտներն արհեստական են, հիմնավորված չեն։ Կոպիտ ասած՝ Ռուսաստանում անազնիվ իշխանություններ են, որոնք խախտում են ԵԱՏՄ կանոնները, իրենց ստորագրության տերը չեն, անպատասխանատու մարդիկ են։

Քաղաքականության մեջ երբեմն հարկ է լինում պահանջել ավելին՝ ցանկալին ստանալու համար։ Օրեր առաջ Ջամայկայի իշխանությունները Մեծ Բրիտանիայի թագավորին ուղղեցին 3 հարց։

1․ Աֆրիկացիների հարկադիր տեղափոխումը Ջամայկա օրինակա՞ն էր,
2․ Ստրկությունը մարդկության դեմ հանցագործությո՞ւն էր,
3․ Մեծ Բրիտանիան ունի՞ իրավական պարտավորություն՝ փոխհատուցում տրամադրելու ստրկության և դրա երկարաժամկետ հետևանքների համար։

Նույնպես ՔՊ-ական իշխանությունները կարող են հարցեր տալ Կրեմլին։ Օրինակ՝ կարող են հարցնել, թե Հայաստանը 1921-ին զավթելը, Արցախն Ադրբեջանին նվիրելը, 1937-ի բռնաճնշումները, մասնավորապես՝ Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, հարյուրավոր մտավորականներին սպանելը, բռնադատելը, հայ ժողովրդի մի մասին Սիբիր աքսորելը մարդկության դեմ հանցագործությո՞ւն էր։ Մտադի՞ր են փոխհատուցել խորհրդային բռնազավթման տարիներին հայ ժողովրդին պատճառած անհամար կորուստների համար։ Կարող են հարցնել նաև, թե ինչո՞ւ էին 44-օրյա պատերազմում, դրանից հետո ադրբեջանական ագրեսիաների ընթացքում, հատկապես՝ Արցախի 9-ամսյա բլոկադայի ժամանակ աջակցում Ադրբեջանին ու գործում հայ ժողովրդի, Հայաստանի դեմ։

Այսպիսի հարցերից հետո ենթադրելի է, որ ռուսական շուկան կբացվի հայկական ապրանքի համար։ Իսկ եթե Փաշինյանը շարունակի կրավորական կեցվածք ընդունել ու անվերապահորեն կատարել Կրեմլի պահանջները, ապա գուցե վաղը Մոսկվան չբավարարվի ԵՄ-ի հետ կապված թեմաներով և ավելի նվաստացուցիչ պահանջներ ներկայացնի Հայաստանին, ստիպի Փաշինյանին հրաժարվել ժողովրդավարությունից, գործել պետության ու ժողովրդի դեմ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ