copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 20:10 14-08-2025

Պուտինն ու Թրամփը թքում են միջազգային իրավունքի վրա․ միջազգայնագետ

Վաղը՝ օգոստոսի 15-ին, Ալյասկայում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգում կլինի Ուկրաինայում գրեթե երեքուկես տարի շարունակվող պատերազմի դադարեցումը, որի շրջանակներում կողմերը կանդրադառնան տարածքային հնարավոր զիջումների հարցին։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը ներկայացրեց սպասվող հանդիպման վերաբերյալ իր գնահատականներն ու հնարավոր սցենարները՝ ընդգծելով, որ Հայաստանն այս գործընթացից անմիջական ազդեցություն չի կրի, սակայն բանակցությունների բնույթը կարող է ազդել միջազգային հարաբերությունների վրա ընդհանրապես։ «Հայաստանի մասով կոնկրետ չեմ կարծում, որ ինչ-որ բան ստացվի։ Գագաթաժողովը բացառապես Ուկրաինայի ճգնաժամի մասին է։ Երկու հեգեմոն գերտերությունների ղեկավարներն, առանց Ուկրաինայի մասնակցության, փորձում են հստակություն մտցնել և որոշակի համաձայնության հասնել իրավիճակի սառեցման հարցում», - նշեց նա։

Դավիթ Կարապետյանը շեշտում է՝ Դոնալդ Թրամփն արդեն հստակ ցույց է տվել, որ չի կարևորում Վլադիմիր Զելենսկու կարծիքը, իսկ բանակցությունների հիմքում դրված է տարածքային զիջումների գաղափարը։ «Խոսքը գնում է Զապորոժիայի, Խերսոնի, Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի մասին։ Եթե այս սցենարը հաստատվի, ապա այդ տարածքները կմնան Ռուսաստանի վերահսկողության տակ՝ որպես պատերազմի դադարեցման գին։ Այլ կերպ ասած՝ սա խաղաղության հաստատման գինն է լինելու», - ընդգծեց նա։

Միջազգայնագետի խոսքով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և դիվանագիտական ավանդական գործիքակազմի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, իսկ աշխարհում ավելի մեծ նշանակություն է ստանում ուժի կիրառման սկզբունքը։

Ինչ վերաբերում է Ալյասկայի ընտրությանը՝ որպես հանդիպման վայր, Կարապետյանը այն գնահատում է խորհրդանշական, սակայն՝ հիմնականում պրակտիկ նշանակությամբ։ «Այդ հատվածը ամենամոտն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմաններին։ Սա պատմական և խորհրդանշական ընտրություն է, սակայն կոնսպիրոլոգիական հաշվարկներ այստեղ տեղավորելն անիմաստ է։ Կազմակերպողն ամերիկյան կողմն է, ինչը հուշում է, որ նրանք պատրաստ են գնալ որոշակի զիջումների և հանդես գալ որպես միջնորդ», - նշեց նա։

Դավիթ Կարապետյանը նաև հիշեցրեց, որ Թրամփի նպատակը կարող է լինել իր՝ խաղարարի կերպարն ամրապնդելը, ինչպես դա ներկայացվել է այլ հակամարտությունների կարգավորման ժամանակ։ «Սա բառացի նշանակում է թքել միջազգային իրավունքի վրա, բոլոր նորմատիվային ակտերի վրա, քանի որ ստացվում է՝ երկու պետություն որոշում են երրորդ պետության, ընդ որում սուվերեն պետության, ՄԱԿ-ի անդամ սուվերեն պետության տարածքային բաժանումը, ներքին քաղաքականությանը միջամտություն են կատարում, ուրիշի փոխարեն որոշումներ են ընդունում։ Սա աբսուրդի ժանրից է, սակայն այսօր աշխարհում ուժը հաճախ վեր է դասվում իրավունքից։ Սա ուժն է ծնում իրավունքը սկզբունքի նման մի բան է», - եզրափակեց Կարապետյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը