ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում և փոխկապակցված ընկերություններում
բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային իրավախախտումների դեպքեր։
Արձանագրվել է, որ պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։ Սակայն գործի ֆինանսական ծավալներն էականորեն մեծացել են մատակարարման շղթայի հետագա ուսումնասիրությամբ. ՊԵԿ-ը հայտնաբերել է, որ պետությանը պատճառված ենթադրյալ վնասը գնահատվում է շուրջ 442 միլիոն դրամ։ Փաստերի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ և ընթանում է նախաքննություն։
Այս բացահայտումների ֆոնին, ըստ տնտեսագետների վերլուծության, ՊԵԿ-ի նշած 442 միլիոն դրամի վնասը դատարանում կարող է հեշտությամբ անվավեր ճանաչվել կամ կտրուկ նվազել։ Փորձագետները նշում են, որ նախնական հաշվարկներն ունեն էականորեն կրճատվելու բարձր հավանականություն, քանի որ գործարանի ամենօրյա արտադրանքի ծավալները հաստատուն չեն։
Բացի այդ, հարցադրումների տեղիք է տալիս այն փաստը, թե որքանով է տրամաբանական նման խախտումների դիմելը մի ընկերության կողմից, որն ունի վիթխարի օրինական եկամուտներ։ Ընկերության պաշտոնական ֆինանսական հաշվետվության տվյալներով, որը հաստատվել է 2026 թվականի մայիսի 29-ին, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի 2025 թվականի տարվա շահույթը կազմել է ավելի քան 6.1 միլիարդ դրամ։ Հատկանշական է, որ նախորդ՝ 2024 թվականին, այդ
ցուցանիշն էլ ավելի բարձր է եղել՝ շուրջ 7.4 միլիարդ դրամ։

Ստացվում է՝ մի կողմից, ՊԵԿ-ը հիմնավորում է «առանձնապես խոշոր չափի» խախտումների առկայությունը, քանի որ օրենքով սահմանված շեմը 5 միլիոն դրամն է, և հնչեցվող թվերը գերազանցում են այն։ Մյուս կողմից, կասկածի տակ է դրվում խոշոր սեփականատիրոջ կողմից միտումնավոր խախտման գնալու հարցը։ Այստեղ առկա է տրամաբանական անհամապատասխանություն։ Տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ շահույթ ապահովող հսկայի համար 7.2 միլիոն կամ 442 միլիոն դրամի ռիսկերը ֆինանսական տեսանկյունից համարժեք չեն դիտվում։
Ըստ տարածված վարկածի՝ այս հարկային ստուգումներն ու քրեական գործերը պատահական չեն․ ինչպես ավելի վաղ հրապարակված հետաքննական
հոդվածում անդրադարձել էր Oragir.News-ը, գործարանի շուրջ իրավական ճնշումները սկսվել են շատ ավելի վաղ։
Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ ՀՀ Գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել՝ վիճարկելով 2002-2003 թվականներին տեղի ունեցած «Արարատցեմենտի» սեփականաշնորհման գործարքի օրինականությունը և պահանջելով գործարանում նշանակել պետական ժամանակավոր կառավարիչ։
Նկատենք նաև, որ այս գործընթացները համընկան երկրի ղեկավարության՝ գործարանը պետականացնելու մտադրության մասին հայտարարությունների հետ։