ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի պաշտոնական կայքէջում տեղադրված՝ համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի կենսագրական տվյալները, ի տարբերություն սովորական պաշտոնական կենսագրությունների, ներառում են նաև առօրյա սպորտային հաջողություններ և առողջական վիճակին վերաբերող մանրամասներ:
Նույն այդ տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը 2010-2014 թվականներին սովորել է ՀՊՏՀ-ում և ազատվել զինվորական ծառայությունից՝ «կարճատեսություն» ախտորոշմամբ: Սակայն տեսողական այս խնդիրը բացարձակապես չի խանգարել ապագա քաղաքապետին դրսևորելու ֆիզիկական գերբնական հնարավորություններ:
Կենսագրության մեջ նշված է, որ Սևակ Միքայելյանը 2012 թվականին՝ «ընկերական մրցաշարում առանց դադարի լողալով հաղթահարել է 6 կմ տարածությունը»:
Կայքի հեղինակները չեն մոռացել հավելել, որ նա «օժտված է բարձր կամային հատկանիշներով»: Փաստորեն, 6 կիլոմետր բաց ջրում առանց ընդմիջման լողալու համար տեսողությունը կապ չունի, իսկ ահա բանակում ծառայելու համար կարճատեսությունը դառնում է անհաղթահարելի խոչընդոտ: Հանրությանը մնում է միայն հիշել, թե ինչպես են պատերազմների ժամանակ բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձինք կամավոր մարտնչել առաջնագծում:

Եթե կենսագրական տվյալները ժպիտ ու հիացմունք են առաջացնում, ապա համայնքային գնումների փաստաթղթերը պահանջում են ավելի լուրջ մոտեցում: Պաշտոնական հայտարարությունների համեմատությունը ցույց է տալիս ֆինանսական հետևյալ պատկերը․ Հրազդան համայնքի կարիքների համար մայթերի կառուցման աշխատանքների գնման գին է սահմանվել 451․894․378 դրամ:

Միևնույն ժամանակ, Մ-10 (Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման) միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 7.5 կիլոմետր հատվածի միջին նորոգման աշխատանքների գնման գինը կազմել է 494․698․378 դրամ:

Ստացվում է, որ Հրազդան քաղաքի ներհամայնքային մայթերի կառուցումն արժե գրեթե այնքան, որքան միջպետական ռազմավարական նշանակության ավտոճանապարհի զգալի հատվածի կապիտալ նորոգումը:
Հիշեցնենք` Սևակ Միքայելյանը ԵԿՄ վարչության նախագահ և ՔՊ կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի որդին է։
Առաջին անգամ քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի հոկտեմբերին, իսկ 2021 թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է ձայների մեծամասնությամբ։
2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սևակ Միքայելյանի նկատմամբ վարույթ էր հարուցել՝ առերևույթ շահերի բախման հատկանիշներով (կապված համայնքային գնումների հետ)։ Այնուամենայնիվ, նա շարունակում է ղեկավարել քաղաքը։
Oragir.News լրատվականը պաշտոնական հարցում է ուղարկել Հրազդանի համայնքապետարան՝ մայթերի կառուցման աշխատանքների, գնագոյացման հիմնավորումների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Պատասխանն ստանալուն պես՝ կհրապարակենք։