ՄԱԿ-ը պատրաստվում է ամբողջ աշխարհով մեկ խաղաղապահ առաքելությունների հնարավոր կասեցմանը: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 29-ին, հաղորդել է Reuters-ը:
Գործընթացները կարող են դադարեցվել, եթե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չկարողանա հաստատել 6 մլրդ դոլարի նոր բյուջեն մինչև հունիսի 30-ը:
ՄԱԿ-ի կառավարման ռազմավարության, քաղաքականության և համապատասխանության բաժնի պետ Քեթրին Փոլարդը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպության 12 խաղաղապահ առաքելություններին, որոնք հիմնականում գտնվում են Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, խորհուրդ են տվել սկսել գործողությունների ծրագիր մշակել, եթե նոր բյուջեն ժամանակին չընդունվի:
«Միևնույն ժամանակ, մենք հույս ունենք ու վստահ ենք, որ անդամ երկրներն ավարտելու են իրենց բանակցությունները»,- ասել է Փոլարդը:
Եթե հունիսի 30-ին վերջնաժամկետը բաց թողնվի, ապա գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կկարողանա գումար ծախսել միայն ՄԱԿ-ի ակտիվները պաշտպանելու և անձնակազմի ու խաղաղապահների պաշտպանությունն ապահովելու վրա:
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ղեկավար Ժան Պիեռ Լակրուան պարզաբանել է, որ առաքելությունները խիստ սահմանափակվելու են, և չեն կարող իրագործել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են քաղաքացիական անձանց պաշտպանությունը, COVID-19-ի դեմ պայքարին օժանդակելը և քաղաքական ջանքերին ու միջնորդությանն աջակցելը: