Ֆիլմ 1 ժամ առաջ - 18:00 10-09-2026

2018–2026 թթ․ պաշտոնական վիճակագրությամբ բանակում զոհվել է 5043 զինծառայող

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Տարիներ են անցել 44-օրյա պատերազմից, սակայն Հայաստանում ամենազգայուն ու ցավոտ հարցի՝ մարդկային կորուստների հստակ թիվը շարունակում է մնալ քաղաքական շահարկումների, հակասական հայտարարությունների և պաշտոնական «սրբագրումների» լաբիրինթոսում։ Իշխանական թիմը խիստ էմոցիոնալ, երբեմն նաև ագրեսիվ է արձագանքում, երբ հանրային խոսույթում հնչում է «5000 զոհ» ձևակերպումը։

Թվերի այս խառնաշփոթին նոր թափ հաղորդեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հայտարարելով, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 4800 զոհ։

Նկատենք, որ այս հայտարարությունը գերազանցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Քննչական կոմիտեի կողմից տարիներ շարունակ պնդվող թվերը։ Արձագանքը չուշացավ. Նախագահի աշխատակազմը շտապեց ուղղել սխալը՝ կատարվածը որակելով որպես «վրիպակ»։ Աշխատակազմի հայտարարության մեջ նշվեց. «Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»։

Այնուամենայնիվ, նախագահականի «սրբագրած» 3755-ը չի համապատասխանում ՀՀ Քննչական կոմիտեի մեկ այլ պաշտոնական թվին, ըստ որի՝ պատերազմի զոհերի թիվը 3833 է (3755 զինծառայող և 78 քաղաքացիական անձ)։ Պետական ապարատի ներսում տիրող այս թվային անհամապատասխանությունը ցույց է տալիս, որ կորուստների հաշվառումը կատարվում է ոչ թե մեկ միասնական, այլ իրավիճակային տրամաբանությամբ։

Մինչ պաշտոնական գերատեսչությունները փորձում են պատերազմի զոհերի թիվը պահել 3800-ի սահմաններում, լրատվամիջոցների, մասնավորապես՝ Oragir.News-ի հրապարակած տվյալները, հղում անելով «Զինապահ» զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական հաշվետվություններին, լրիվ այլ պատկեր են հաղորդում։

Զուտ մաթեմատիկական հաշվարկով, որը հիմնված է բացառապես պաշտոնական և իրավապաշտպան (ՀՔԱՎ) տվյալների վրա, ընդհանուր կորուստների հանրագումարն արդեն իսկ անցնում է 5000-ի սահմանը՝ ներառելով 2020 թվականի պատերազմի 3833 զոհն ու 191 անհայտ կորածը, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի 224 և 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ հարձակման 223 զոհերը, Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի 219 զոհը, ինչպես նաև գործող կառավարության օրոք բանակում արձանագրված մարտական ու ոչ մարտական (ավտովթարներ, հրդեհներ, հիվանդություններ) դեպքերի հետևանքով գրանցված 544 զոհը։

Իշխող քաղաքական թիմի համար «5000 զոհ» ձևակերպումը սարսափելի է մեկ պարզ պատճառով՝ այն դառնում է իրենց կառավարման տարիների մեկ միասնական, ծանրագույն քաղաքական գնահատականը։ Տարանջատելով թվերը, կորուստները բաժանելով «պատերազմականի», «հետպատերազմականի» և «դժբախտ պատահարների»՝ իշխանությունը փորձում է մեղմել սեփական պատասխանատվությունը։
5000-ի շեմը հոգեբանական արգելք է. դրա ընդունումը կնշանակի ընդունել, որ որդեգրված «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը չի փրկել հազարավոր հայորդիների կյանքեր, իսկ կորուստների աշխարհագրությունը շարունակական բնույթ է կրել։

Քանի դեռ պետական տարբեր կառույցներ ու հիմնադրամներ հանդես են գալիս իրար հակասող տվյալներով, հանրությունը շարունակելու է կասկածի տակ դնել պաշտոնական ցանկացած թիվ՝ փնտրելով իրական, բայց այդպես էլ չբացահայտված ամբողջական ճշմարտությունը։