copy image url
Ներքին 48 րոպե առաջ - 21:42 12-08-2026

ՊՆ-ի լռությունը անհարգալից վերաբերմունք է զինվորի և նրա ընտանիքի նկատմամբ․ Ժաննա Ալեքսանյան

Վերջին շրջանում ՀՀ Պաշտպանության նախարարությունը դադարել է օպերատիվ հաղորդագրություններ տարածել խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Գերատեսչության մամուլի քարտուղարը ներկայացրել է նախարարության պաշտոնական դիրքորոշումը՝ պարզաբանելով․

«Սովորաբար հաղորդագրությունները տարածվում են և՛ Պաշտպանության նախարարության, և՛ Քննչական կոմիտեի կողմից, բայց, հաշվի առնելով որոշ դեպքերի առանձնահատկությունները, Պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում դրանց վերաբերյալ հաղորդագրություններ տարածելուց, որովհետև այդտեղ կան նաև գնահատականների հարցեր։ Եվ բացի այդ, ես հանրության տեսանկյունից ասեմ՝ Քննչական կոմիտեն ևս պետական մարմին է, որի կազմում կա Զինվորական քննչական գլխավոր վարչությունը»։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ ՊՆ-ի որդեգրած քաղաքականությանը՝ շեշտեց, որ սլաքները դեպի քննչական մարմիններ ուղղելը և տեղեկատվությունը «ձեռնպահ մնալու» անվան տակ չհանրայնացնելը բացարձակապես հիմնավորված չէ։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ սա ոչ թե պարզապես ընթացակարգային հարց է, այլ պատասխանատվությունից բացահայտ խուսափելու և հանրային քննադատության ալիքից պաշտպանվելու փորձ, որպեսզի հանրության աչքում արհեստականորեն նվազեցվեն մահվան դեպքերը։

«Քննչական կոմիտեն իր մասով է հաղորդագրություն տալիս, երբ քրեական վարույթ է հարուցում։ Բայց Պաշտպանության նախարարը, ով զորակոչում է զինվորին բանակ և պատասխանատու է նրա կյանքի համար, պարտավո՛ր է այդ հայտարարությունն անել։ Պետությունն ուղղակի պատասխանատու է զինվորի կյանքի համար, որին զորակոչում է իր մոտ ծառայելու։ Հետևաբար, հենց ինքն է պարտավոր հանրությանը հայտնել դեպքի մասին, վշտակցել ընտանիքին և գլուխը խոնարհել այդ ընտանիքի առաջ։

Իսկ Քննչական կոմիտեի պարտականությունն ընդամենը քրեական գործ հարուցելն ու օբյեկտիվ քննություն կատարելն է»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ՊՆ-ի կողմից որդեգրած այս մոտեցումն ավելի շուտ անփութության և անտեսման արդյունք է, որպեսզի գերատեսչությանը լրացուցիչ «անհարմար» հարցեր չուղղվեն։ Սակայն բանակում մարդու կյանքի իրավունքի խախտումը չի կարող ստորադասվել որևէ գերատեսչական շահի։

«Որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել Պաշտպանության նախարարությանը, թե ինչու ինքը չի տարածել հաղորդագրությունը։ Դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն զինվորի նկատմամբ, այլև իր ընտանիքի, իր հարազատների։ Ինչպե՞ս կարող է դու չտարածես այդ հաղորդագրությունը․ չէ՞ որ տարել ես բանակ ամեն գնով, իսկ հիմա այդ զինվորն այլևս գոյություն չունի»,- եզրափակեց իրավապաշտպանը։