Շիրակի մարզի Անի համայնքի բնակավայրերում առաջիկա օրերին համապատասխան հանձնաժողովների կողմից կիրականացվի գույքագրում՝ ճշտելու հուլիսի 17-ին գրանցված կարկտահարության պատճառած վնասների չափերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համայնքապետարանից, տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել համայնքի գրեթե բոլոր բնակավայրերին։ Մինչև 100 տոկոսի հասնող վնասներ են արձանագրվել համայնքի բնակավայրերի մեծ մասում, բացառությամբ Մարալիկ, Գուսանագյուղ, Շիրակավան, Իսահակյան, Աղին և Լուսաղբյուր գյուղերի։
Տեղատարափ կարկուտը վնասներ է հասցրել ոչ միայն գյուղատնտեսական ցանքատարածություններին, այլև բնակիչների տնամերձ այգիներին, ավտոմեքենաներին, վնասվել են նաև բնակելի տների տանիքները։
Պատճառված վնասներին տեղում ծանոթանալու նպատակով Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և ծանոթացել կարկտահարության հետևանքների վերաբերյալ նրանց մտահոգություններին ու դժգոհություններին։ Ոլորտային պատասխանատու մասնագետները ևս մեկնել են տուժած մյուս բնակավայրեր՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։
Համայնքի ղեկավարը և պատասխանատու մարմինների ներկայացուցիչները բնակիչներին հավաստիացրել են, որ գույքագրման արդյունքները հիմք կհանդիսանան իրավիճակի ամբողջական գնահատման և հետագա անհրաժեշտ քայլերի ձեռնարկման համար: