«Սա կուլակաթափության դասական դրսևորում է կամ դրա փորձը, ակնհայտորեն՝ ապօրինի, սեփականության իրավունքի դեմ ապօրինի ոտնձգություն։ Կարծում եմ՝ այս հարցով ի վերջո միջազգային արբիտրաժի կդիմեն, քանի որ գործ ունենք ակնհայտ ապօրինության հետ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանի այսօր ընդունած որոշմանը, որով «Արարատցեմենտը» հանձնվում է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից նման որոշումները քաղաքական գնահատականի խնդիր են առաջացնում։
«Եթե իշխանությունները որևէ խնդիր են ունենում ինչ-որ մարդու հետ, ապա փորձում են նաև նրա ունեցվածքի հետ կապված քայլեր իրականացնել։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից հետո բացահայտ խոսում էր ունեզրկելու, խստացնելու մասին»,- նշեց Սուրենյանցը։
Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ոչ միայն պայքարել հետևանքների, այլ նաև պատճառների դեմ։
«Իմ տրամադրությունն այն է, որ պետք է պայքարել, ստեղծել քաղաքական կենսունակ համակարգեր և փորձել հակազդել ոչ թե ռեպրեսիվ մեքենայի ռեսուրսներով, այլ իրավական ու քաղաքական գործիքակազմով։ Ի վերջո պետք է հասնել նրան, որ երկրում որակապես իրավիճակ փոխվի»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է հնարավոր, որ նույն անձին պատկանող տարբեր գույքերի վերաբերյալ կարճ ժամանակահատվածում նման որոշումներ են կայացվում, Սուրենյանցը նշեց, որ, իր գնահատմամբ, նման գործընթացներում նախ որոշվում է թիրախը, ապա իրականացվում են իրավական քայլերը։
«Ընտրում են մարդուն, թիրախին, հետո արդեն որոշում են՝ ինչ գործիքներով ցավ պատճառել, ինչպես ունեզրկել։ Այսպիսի որոշումները մեկ մարդու քմահաճույքով կայացող գործընթացներ չպետք է լինեն»,- ասաց նա։
Սուրենյանցը նաև անդրադարձավ «Արարատցեմենտը» հետ վերադարձնելու հնարավորությանը։
«Նրանք բավականին առաջ են գնացել և փորձում են պետականացնել։ Մենք էլ պետք է փորձենք մեր իրավական և քաղաքական գործիքակազմով, նաև միջազգային հարթակներում դրան հակազդել»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը։
Դատախազության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
Նույն հայցով դատախազությունը
պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Արարատցեմենտ»-ի ազգայնացման մտադրության մասին։ Հուլիսի 9-ին նա հայտնել էր նաև, որ գործարանում ժամանակավոր կառավարիչ է նշանակվելու, սակայն դեռևս չի ներկայացվել, թե ինչ ընթացակարգով և ինչ ժամկետներով է իրականացվելու այդ գործընթացը։