copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:09 26-01-2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հնդկաստանի ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին:

Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան և Հնդկաստանի ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ և շարունակական զարգացում և բարգավաճում մաղթել, ինչին ի պատասխան դեսպան Նիլակշի Սահա Սինհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ մաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ անցած 2023 թվականը նշանակալի տարի էր երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից և հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-հնդկական համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և առավել կընդլայնվի:

Դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ ի դեմս Հայաստանի Հնդկաստանը տեսնում է բարեկամ և գործընկեր երկրի, որի հետ փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Մասնավորապես շեշտվել է տնտեսական, բժշկական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Երկուստեք բարձր են գնահատվել անվտանգության և ռազմական ոլորտներում փոխշահավետ գործակցությունն ու այս ուղղությամբ ներդրված ջանքերը:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջազգային հարթակներում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը: Կարևորվել են նաև երկրների բաձր ղեկավարության փոխայցելությունները, որոնք նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա խորացման համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ:

Հանրապետության նախագահն այս համատեքստում վերահաստատել է տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումը, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների ամրապնդման և ժողովրդավարության ինստիտուտների կայացման կարևորությանը:

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
13:24 ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան