Իսպանական Կատալոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով մեկ մարդ է մահացել։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ժեներալիտետի (տարածաշրջանի կառավարության) ղեկավար Սալվադոր Իլյան։
Նրա խոսքով՝ զոհվածին հայտնաբերել են Բարսելոնա նահանգի Գարաֆ շրջանում։ Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ դին գտել են ջրհեղեղի քշած ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա։
Սաստիկ անձրևները Կատալոնիայում և Վալենսիա ինքնավար համայնքում հանգեցրել են նաև բազմաթիվ պատահարների ու ջրհեղեղների։
«Սգում եմ Գարաֆ շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով տղամարդու մահվան կապակցությամբ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,- գրել է Իլյան։
Ավելի վաղ Կատալոնիայի իշխանություններնը հորդառատ անձրևների պատճառով արտակարգ նախազգուշացումներ էին ուղարկել Բարսելոնեսի և Մարեսմեի բնակիչների բջջային հեռախոսներին։ Նրանց կոչ էին արել հետևել քաղաքացիական պաշտպանության ծառայության ցուցումներին, չմոտենալ գետերին, առվակներին ու կիրճերին, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ջրածածկման ենթակա վայրերում և ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։