Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 19:30 16-09-2026

Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Կենտրոնական բանկը, թանկացումների նոր ալիքի վտանգ տեսնելով, որոշել է 0.25 տոկոսով բարձրացնել 9 ամիս անփոփոխ մնացած վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այն այժմ 6.75 տոկոս է: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 15-ի հրավիրված ասուլիսում ասել է, թե իրենք այսպիսով ֆինանսական շուկային իրենց մտահոգությունների վերաբերյալ ազդակ են փոխանցում. «Մենք բարձրացնում ենք, թանկացնում ենք փողի գինը, ու մարդիկ մտածում են սպառելու փոխարեն խնայել: Երբ որ դու քիչ ես սպառում, ապրանքների գները վերադառնում են ավելի ցածր մակարդակի»:

Սա ժուժկալության գաղափարախոսության երբևէ գոյություն ունեցած ամենաուժեղ մատուցումն է։ ԿԲ նախագահն ուղղակի հորդորում է մարդկանց քիչ ծախսել, ամեն հիմարության վրա փող շաղ չտալ, ծախսել ոչ ավելի, քան անհրաժեշտ է, հրաժարվել անհարկի ճոխությունից և այլն։ Եվ երբ քիչ սպառենք, ապա թանկացած ապրանքները կէժանանան, այսինքն՝ գները կվերադառնան ներկայիս կամ նույնիսկ երեկվա մակարդակի։

Իսկ ինչո՞ւ է ԿԲ նախագահը թանկացումներ կանխատեսում։ Ինչո՞վ են պայմանավորված դրանք։

ԿԲ-ն թանկացումների նոր ալիքի վտանգը պայմանավորում է Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների նոր հոսքի հետ: Ամենուր նկատելի գնաճ կա, թանկացել է անշարժ գույքը, բարձրացել են հյուրանոցների գները և այլն: Ավելին՝ ԿԲ խորհրդի նիստում քննարկել են նաև ռուսական գազի հնարավոր թանկացումը, քանի որ Մոսկվան պարբերաբար ակնարկում է, որ եթե ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գա, ապա գազը հայ սպառողի համար կթանկանա: Ըստ ԿԲ նախագահի՝ գազի թանկացումը ոչ միայն գնաճի, այլև ՀՀ տնտեսական անկման ռիսկի կարող է հանգեցնել, այսինքն՝ ապոկալիպտիկ հետևանք ունենալ։

Տնտեսական կանխատեսումները կարևոր նշանակություն ունեն տնտեսության կազմակերպման ու կառավարման համար։ Սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ավելի լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ ԿԲ-ն երեք տարի չէր բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հակառակը՝ այն պարբերաբար իջեցվում էր։ Կարծիք էր շրջանառվում, թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Փաշինյանին տալիս են այնքան փող, ինչքան անհրաժեշտ է։ Իսկ այս բարձրացումը կասկած է առաջացնում, որ բան է փոխվել, Արևմուտքը Փաշինյանին փող չի տալի՞ս։

Մեկ այլ կասկած էլ առնչվում է ուղիղ ընտրություններին։ ՔՊ-ն ահռելի մեծ գումարներ է ծախսել ընտրությունների ժամանակ։ Եվ հիմա եկել է այդ ծախսածը հետ բերելու ժամանակը։ Ողջամիտ կասկած կա, որ ՔՊ-ական իշխանություններն են պահանջում ավելի շատ փող ուղղել բյուջե։ Այդ պատճառով խրախուսում են թանկացումները, որ ավելի շատ հարկեր, տուրքեր գանձեն, ծածկեն ծախսերի մի մասը։

Եվ վերջապես՝ ուշագրավ է գազի թանկացման վերաբերյալ ԿԲ նախագահի ապոկալիպտիկ կանխատեսումը։ ՔՊ-ական պատգամավորները, նախարարները վստահ հայտարարում են, թե իրենց վարած դիվերսիֆիկացման քաղաքականությունը արդյունքներ է տալիս, ՀՀ տնտեսությունը կախված չէ միայն Ռուսաստանից։ Ուստի՝ եթե ռուսական գազը թանկանա, ապա ՀՀ կառավարությունը կգտնի այլընտրանք։ Օրինակ՝ երբ ռուսական շուկան փակվեց հայկական ապրանքի առաջ, ապա արագ գտան այլընտրանք, ԵՄ-ն իր շուկաները բացեց հայկական ապրանքի առաջ, արտոնություններ տվեց և այլն։ Նույն կերպ էլ կարող են լուծել գազի հարցը, այլ երկրներից գնելով այն, գուցե՝ ավելի էժան։

Այս առումով՝ ԿԲ նախագահի ապոկալիպտիկ կանխատեսումը հիմք է ենթադրելու, որ ՔՊ-ական դիվերսիֆիկացիան սուտ է, իրականում՝ ՀՀ տնտեսությունը կախված է ռուսականից։ Եթե ռուսները թանկացնեն գազը, ապա ՀՀ տնտեսությունը կործանման ռիսկի կբախվի։ Եթե ԿԲ նախագահը իսկապես կարծում է, որ ՔՊ-ական դիվերսիֆիկացիան բլեֆ է, ապա պետք է ուղիղ ասի այդ մասին։ Եթե ոչ, ապա ապոկալիպտիկ կանխատեսումներ անելու փոխարեն ավելի լավ է՝ հիմնավորեն, թե ինչո՞ւ են թանկացումներ կանխատեսում, ովքե՞ր են այդ թանկացումների իրական շահառուները։ ՀՀ տնտեսությունն ինչքա՞ն է շահելու դրանից, ՀՀ քաղաքացիները ինչքան են տուժելու, աղքատությունն ինչքան է աճելու, սոցիալական ինչ չարիքներ են գլուխ բարձրացնելու։

Սրանք են այն ռիսկերը, որոնց վերաբերյալ ԿԲ-ն, ենթադրաբար, լուրջ հաշվարկներ է արել և ներկայացրել Կառավարությանը։ Եվ եթե այդ ռիսկերը հաշվի առնելով են գնում թանկացումների, նշանակում է՝ ՀՀ իշխանությունը փողի այնքան սուր կարիքի մեջ է, որ նույնիսկ անտեսում է սոցիալական այդ ապոկալիպտիկ ռիսկերը։