Օրերս համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել բլոգերներ Նինա Տիտանյանի և Ռաֆֆիկ Համբարձումյանի «Զավզակներ» հաղորդման շուրջ։
Հաղորդման շրջանակներում նրանք հյուրընկալել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո հայտնվել էին քննադատությունների կենտրոնում։ Շատերը պնդում էին, որ բլոգերները ցույց են տվել իրենց քաղաքական կողմնորոշումը։
Երկար լռությունից հետո իրավիճակին անդրադարձել է Ռաֆֆիկ Համբարձումյանը։ Իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակված հոլովակում նա պատասխան է տվել քննադատներին․
«Մենք ունենք հաղորդում, որտեղ հրավիրելու ենք մարդկանց, ում շատերը կսիրեն, իսկ շատերը՝ ոչ։ Իմ ձայնը և կամքը գնված չեն։ Իմ հարթակով հանգիստ ասում եմ այն, ինչ ցանկանում եմ»,- հայտարարել է Ռաֆֆիկը։
Բլոգերը շեշտել է, որ իր հաղորդման շրջանակներում ազատ է հրավիրել ցանկացած հյուրի, և չկա որևէ արտաքին վերահսկողություն։ Նա նշել է, որ չի պատրաստվում ապրել ուրիշի կարծիքով և անելու է այն, ինչ գտնում է ճիշտ։
Ռաֆֆիկը նաև սխալ է համարել այն բլոգերների պահվածքը, ովքեր շտապել են քննադատել իրենց։ Նա նշել է, որ բլոգերական համայնքը բավականին նեղ է, և շատերը կան, ովքեր իրականում վաճառել են իրենց ձայնը, սակայն այժմ փորձում են քննադատել մեկին, ով նման բան երբեք չի արել։