Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:00 20-08-2026

Ժողովրդի իշխանությունը պիտի դեղին քարտ ցույց տա Արման Եղոյանին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՔՊ-ն կրկին անհետևողականություն է դրսևորել։

ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը օգոստոսի 17-ին ԱԺ նիստում սուտ է որակել այն խոսքը, թե ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ «Սա կատարյալ սուտ, միֆ է, որովհետև, ըստ սահմանման, զուտ ֆիզիկապես սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ՀՀ-ից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից ներգաղթի ալիքների հետևանքով»,- ասել է Եղոյանը։ Պատգամավորի պնդմամբ՝ սփյուռքը երբեք չի աճել և չի հզորացել սերունդների բնական հերթափոխի հաշվին։

Այս ՔՊ-ականի դիրքորոշումը հակասում է Նիկոլ Փաշինյանի ուղեգծին։

Մասնավորապես՝ օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։ Այս գործարանում խոշոր ներդրումներ են կատարվել սփյուռքահայերի ջանքերով։ Իսկ օգոստոսի 19-ին Փաշինյանն ընդունել է «Ի գործ» ծրագրի մասնակիցներին, որոնք, անսալով նրա կոչին, արտերկրից վերադարձել են հայրենիք և պատրաստ են իրենց ավանդը ներդնել հայրենիքում։

Արման Եղոյանը չգիտի՞, թե ինչ ներդրումներ են անում սփյուռքահայերը և ինչ դեր ունեն արտաքին ներդրումների հարցում։ Գուցե նա կարծում է, թե Փաշինյանը սխա՞լ է վարվում, որ հրավիրում է սփյուռքահայերին համագործակցելու, ընդունում նրանց ներդրումները և այլն։

Արման Եղոյանին, հավանաբար, նյարդայնացնում է այն, որ Սփյուռքի գործիչներն ուրույն կարծիք են հայտնում Հայաստանի և ՀՀ իշխանությունների վերաբերյալ։ Բանն այն է, որ Սփյուռքի կառույցների ղեկավարների մի մասը ՀՅԴ-ական են, քննադատում են Փաշինյանին, մատնանշում նրա սխալները և այլն։ Այսինքն՝ ենթադրելի է, որ եթե սփյուռքահայերը գովաբանեին Փաշինյանին, կապկեին նրան, ապա Եղոյանը, հավանաբար, այսպիսի հայտարարություն չէր անի, չէր վիրավորի ու վրդովվեցնի հանգամանքների բերումով հայրենիքից դուրս ապրողին։

Այս ենթադրության օգտին է վկայում «Ի գործ» ծրագիրը, որի մասնակիցները չեն քննադատում Փաշինյանին, մատնացույց չեն անում նրա աղետալի սխալները, քանի որ նրա հրավերով եկել են նրա հետ աշխատելու նրա կառավարությունում։ Ասում են, թե այսպես Փաշինյանը ստեղծում է սփյուռքահայերից կազմված իր բանակը, որն «Իրական Հայաստանի» դրոշի տակ լուրջ առաքելություն է իրականացնելու։ Ենթադրելի է, որ այս սփյուռքահայերի հետ հատուկ կաշխատեն, կներգրավեն պետական աշխատանքներում, կմշակեն և որոշ ժամանակ անց նրանց կառաջադրեն Սփյուռքի կարևոր պաշտոններում, որոնք տասնամյակներ շարունակ ավանդաբար զբաղեցրել են ՀՅԴ-ականները։ ՔՊ-ում, հավանաբար, կարծում են, թե եթե փաշինյանական մարդիկ նշանակվեն ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի Հայ դատի հանձնախմբերի ղեկավար պաշտոններում, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ն աչք կփակեն Փաշինյանի հակաժողովրդավարական ու ռուսամետ կուրսի վրա։

Քաղաքականապես կրթված մարդը գիտի, որ եթե ՀՀ իշխանությունը դադարեցնի ապապետական և հակաժողովրդավարական կուրսը, ազգային իդեալ մշակի ու այն տարածի նաև Սփյուռքում, ապա կբարձրանա ՀՀ միջազգային հեղինակությունը, Սփյուռքն էլ կմնա հայկական ու կաճի։ Համեմատության համար նշենք, որ Իսրայելից դուրս ապրող հրեաներն անողոքաբար քննադատում են Նեթանյահուին, սակայն միավորված են ազգային իդեալի շուրջ, մասնակցում են ազգային ծրագրերին։ Հրեա քաղաքական գործիչը հայրենիքից դուրս ապրող հրեայի մասին վատ բաներ չի ասում։ Իռլանդացիների օրինակը ևս ուսանելի է։ Իռլանդիայում ապրում է մոտ 5 մլն, իսկ հայրենիքից դուրս՝ մոտ 80 մլն իռլանդացի։ Նրանք նույնպես միավորված են ազգային իդեալի շուրջ ու չեն ձուլվում։ Իռլանդացի քաղաքական գործիչը հայրենիքից դուրս ապրողին չի ատում։ ՔՊ-ն այս առումով այնքան վատ վիճակում է, որ ավանդական համահայկական հանգանակություն չի կարողանում կազմակերպել։

Կարճ ասած՝ ՔՊ-ն անհետևողական վարք է դրսևորում Սփյուռքի նկատմամբ։ Եթե դրսում ապրողներն այդքան մերժելի են ու արհամարհելի, ինչպես ներկայացնում է Եղոյանը, ապա ազնիվ կլինի մերժել սփյուռքահայերի ներդրումային առաջարկները, փակել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանը, «Ի գործը» և սփյուռքահայերին առնչվող մյուս ծրագրերը, բոլոր ներդրումները, որտեղ սփյուռքահայի մատը խառն է։ Ավելին, կարող են Քըրք Քըրքորյանին հետմահու զրկել Ազգային հերոսի կոչումից, վերադարձնել ՀՀ-ում ներդրված 1 մլրդ դոլարը, ապամոնտաժել Վիլյամ Սարոյանի, Շարլ Ազնավուրի և բոլոր սփյուռքահայերի արձանները։ Իսկ եթե չեն մերժում ու արհամարհում, սփյուռքահայերին մեր ժողովրդի հարազատ ու ներդաշնակ մասն են համարում, ապա ժողովրդի իշխանությունը պարտավոր է Արման Եղոյանին դեղին քարտ ցույց տալ։


Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ