Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն ու աշխատավարձերի չափը շարունակում են մնալ հանրությանը հուզող ամենաառանցքային հարցերից։ Ապրանքների ու ծառայությունների գների աճի ֆոնին քաղաքացիները տարբեր կերպ են գնահատում արժանապատիվ ապրուստի համար անհրաժեշտ եկամուտների չափը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ որքա՞ն պետք է լինի միջին աշխատավարձը Հայաստանում, և արդյոք նրանք գո՞հ են իրենց ներկայիս եկամուտներից։
Քաղաքացիներից մեկի դիտարկմամբ՝ մարզերում 200․000 դրամով հնարավոր է նորմալ ապրել, եթե մարդիկ մեծ պահանջներ չունեն, սակայն մայրաքաղաքում ծախսերն անհամեմատ շատ են․ «Եթե սեփական տուն ունես, 300․000-350․000 դրամ է պետք, իսկ եթե վարձով ես՝ շատ դժվար է»։
«Ամենաքիչը 200․000 դրամ պետք է լինի, որ մարդ կարողանա մի քիչ իրար գալ»,- ընդգծեց նրանցից մեկը։
Ոմանք էլ նշեցին ընդհուպ մինչև 700․000 դրամի անհրաժեշտության մասին․ «Եթե ընտանիքը 4-5 հոգուց է բաղկացած և միայն մի հոգի է աշխատում, այդքան գումար է պետք, որ գոնե մինիմալով ընտանիք պահես»։
Հնչեցին նաև կարծիքներ, որ միջին աշխատավարձը պետք է հասնի 1 միլիոն դրամի։
Սեփական եկամուտների վերաբերյալ հարցին, քաղաքացիների մեծ մասը բացասական կամ վերապահումներով պատասխանեց։
Հարցվածների գրեթե կեսը նշեց, որ դժգոհ է իր եկամուտից:
«Չեմ կարող ասել՝ գոհ եմ, որովհետև ինձ համար դա շատ քիչ է, կուզեի ավելի բարձր լիներ»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց, որ թեև անձամբ իր աշխատավարձից գոհ է, երկրի ընդհանուր պատկերը մտահոգիչ է․ «Պետք է ընդհանուր նայենք, համագումարում Հայաստանում միջին աշխատավարձը մի քիչ ցածր է»։
Մանրամասները` տեսանյութում: