Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայում դրական են ընկալում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը ուկրաինական կարգավորման հարցում, մասնավորապես՝ «տեղում առկա իրողությունների» ճանաչումը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների վերջին այցը Մոսկվա՝ Լավրովը նշել է, որ չի պատրաստվում բացահայտել բանակցությունների բովանդակությունը ավելին, քան արդեն հրապարակել են ռուսական և ամերիկյան կողմերը։ Միաժամանակ նա հայտնել է, որ քննարկումը հիմնվել է ուկրաինական հարցի շուրջ Թրամփի դիրքորոշման վրա։
Ըստ նախարարի՝ այդ դիրքորոշման առաջին կարևոր տարրը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից հրաժարումն է։
«Նա, նախ և առաջ, ասաց, որ նույնիսկ մոռանան Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներքաշելու փորձերի մասին»,- հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ Թրամփի կարծիքով այդ հարցը փակված էր դեռևս ներկայիս հակամարտության սկսվելուց շատ առաջ։
Երկրորդ տարրն, ըստ ռուսաստանցի նախարարի, Վաշինգտոնի կողմից «տեղում առկա իրողությունների» ճանաչումն է։ Միաժամանակ Լավրովը շեշտել է, որ Մոսկվան դրանց տակ հասկանում է ոչ միայն տարածքային հարցը։
«Երբ խոսում ենք իրողությունների մասին, խոսում ենք մարդկանց մասին»,- ասել է նա։
Ըստ Լավրովի՝ Մոսկվան կարծում է, որ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հանրաքվեների ընթացքում արտահայտել են իրենց կարծիքը։
««Տեղում առկա իրողությունները», որոնք ճանաչում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը և նրա թիմը, որքանով մենք կարող ենք դատել, և շարունակում է ճանաչել (այդպես էր նաև Ալյասկայում), այդ «տեղում առկա իրողությունները» կապված են մարդկանց հետ, նրանց կարծիքի հետ, որն արտահայտվել է հանրաքվեներում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։