copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:30 17-08-2026

Նպաստի դիմումների «գինը»՝ 5․000-10․000 դրամ. իրավապաշտպանների ահազանգն ու նախարարության «անտեղյակությունը»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը խնդիրների առաջ է կանգնեցրել հասարակության ամենախոցելի խմբերին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ահազանգելով, որ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններում տեղի են ունենում զանգվածային իրավախախտումներ, որոնք քաղաքացիների համար ձևավորում են 5 000-ից 10 000 դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ։

Ըստ ՀԿ-ի հայտարարության՝ ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատակիցները, հղում անելով ներքին հրահանգին, հրաժարվում են օգնել քաղաքացիներին դիմումները լրացնելու հարցում։

Իրավապաշտպանները շեշտում են, որ սա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի կոպտագույն խախտում է, որը պարտավորեցնում է վարչական մարմնին օժանդակել դիմումի ձևակերպմանը:

Համակարգի ամբողջական թվայնացումը հաշվի չի առնում այն անձանց կարիքները, ովքեր չունեն սմարթֆոն, համակարգիչ, ինտերնետ կամ աջակցող տեխնոլոգիաներ։ Սոցիալական կենտրոններից մերժում ստանալով՝ քաղաքացիներն ուղղորդվում են մասնավոր պատճենահանման կենտրոններ, որտեղ դիմումը լրացնելու համար ստիպված վճարում են 5,000-10,000 դրամ։ ՀԿ-ն սա որակում է որպես «աղքատության հարկ»՝ ձևավորված պետական մարմինների անգործության հետևանքով։

Բացի այդ, կազմակերպությունը նշում է, որ հաշմանդամության նպաստը չպետք է դիտարկվի որպես եկամուտ, քանի որ այն տրվում է առողջական հավելյալ ծախսերը հոգալու համար, իսկ քաղաքացիներին չեղած եկամուտներ վերագրելը ստեղծում է «մեղավորության կանխավարկած»։

ՀԿ-ն հանդես է եկել հրատապ պահանջներով՝ վերականգնել թղթային դիմումների ընդունումը նրանց համար, ովքեր չեն տիրապետում թվային գործիքներին, և դադարեցնել հակաօրինական ներքին հրահանգները և պարտավորեցնել ՄՍԾ աշխատողներին տեղում լրացնել դիմումները քաղաքացիների փոխարեն։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ բարձրացված խնդիրներին և հայտարարություն տարածած կազմակերպությանը ծանոթ չէ։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ նախարարությունը վաղուց է անցել թվային գործիքների կիրառմանը, այդ թվում՝ հաշմանդամության հարցերով զբաղվող e-disability հարթակի ներդրմամբ, ինչը բազմաթիվ քաղաքացիների կողմից ողջունվել է։

«Մենք շատ վաղուց արդեն անցել ենք թվային գործիքների կիրառմանը։ Դա մարդկանց կյանքը հեշտացնելու համար է արված, որպեսզի քաղաքացիները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք, ազատվեն պարտադիր ՄՍԾ գնալուց, հերթերում սպասելուց և ժամանակ կորցնելուց, ու կարողանան տանը նստած հեշտությամբ դիմում ներկայացնել»,- պարզաբանեց պաշտոնյան։

Ինչ վերաբերում է դիմումների ընթացքում առաջացող խնդիրներին ու քաղաքացիների դժվարություններին, մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ պետությունը ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն։

«Ամեն դեպքում մենք մեթոդական աջակցություն, բնականաբար, բոլորին ցուցաբերում ենք։ Եթե քաղաքացիներն ունեն հարցեր, կարիք չկա տեղ գնալու. կարող են աշխատանքային օրերին և ժամերին զանգահարել մեր նախարարության 114 թեժ գծի ծառայություն, որտեղ ևս կպարզաբանեն ու կուղղորդեն»,- եզրափակեց Նվեր Կոստանյանը։

Այսպիսով՝ մինչ պետական գերատեսչությունը թվայնացումը դիտարկում է որպես բացառապես կյանքը հեշտացնող և հերթերից ազատող հարմարավետ գործիք, խոցելի խմբերն իրականում բախվում են տեխնիկական անմատչելիության պատնեշին՝ ստիպված լինելով իրենց հասանելիք նպաստի դիմաց վճարել միջնորդներին։

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ