Մայրաքաղաքի փողոցների անվանակոչումն ու ցուցանակների տեղադրումը հերթական անգամ հայտնվել է հանրության քննադատության կենտրոնում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նկատել է, որ նախկին Ամիրյան փողոցի մի հատվածի՝ նոր անվանակոչված Պապ թագավորի փողոցի անգլերեն տարբերակը վերածվել է «King Pap Street»-ի, ինչն ուղղակիորեն հակասում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին։
Օգտատերն իր
գրառման մեջ հեգնանքով գրում է. «Հայաստանի օրենսդրությունը հստակ կանոն է սահմանել. հատուկ աշխարհագրական անվանումներն այլ լեզուներով գործածելիս ՉԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈւՄ...հակառակ դեպքում եկեք հետևողական լինենք։ Վայոց Ձորը դարձնենք Woe Gorge, Ծաղկաձորը՝ Flower Gorge, Նոր Նորքը՝ New New, իսկ Երիտասարդականը` Youth Stuff»։
Մեկնաբանություն ստանալու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի հետ։ Ի պատասխան հանրային դժգոհության՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահորեն պաշտպանեց «King Pap Street» տարբերակը՝ ներկայացնելով հետևյալ հիմնավորումը․
««Թագավոր» բառն այս պարագայում հատուկ անվան մաս չի կազմում, այլ ուղղակի տիտղոս է։ Պապի անունը եղել է պարզապես Պապ, իսկ թագավորը՝ նրա կարգավիճակն է»։
Նրա խոսքով՝ ինչպես անգլալեզու աշխարհում ասում են «King Arthur» (Արթուր արքա), այնպես էլ այս դեպքում եղել է «King Pap»:
Կարապետյանի խոսքով՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ քննադատությունը տեղին չէ, քանի որ նա հղում է անում աշխարհագրական անուններին, մինչդեռ Պապ թագավորն աշխարհագրական անուն չէ, այլ պատմական անձի անուն և տիտղոս։
««Թագավորը» զուտ կոչում է, այլ ոչ թե հատուկ անուն՝ «Պապ թագավոր» միասին վերցված, ուստի այն անհնար է համեմատել Ծաղկաձորի կամ Վայոց Ձորի հետ»,- եզրափակեց քաղաքապետի մամուլի քարտուղարը։
Հավելենք նաև, որ ըստ ՀՀ Կառավարության N 220-Ն
որոշմամբ հաստատված «ՀՀ աշխարհագրական անվանումների անգլերեն և ռուսերեն տառադարձության կարգի», ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների (փողոցներ, պողոտաներ) անվանումները օտար լեզուներով գրվելիս ենթակա են բացառապես տառադարձման (տրանսլիտերացիայի), այլ ոչ թե բառացի թարգմանության։