copy image url
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 23:45 25-07-2026

Ինչո՞ւ է Ֆրանսիայի նախագահն այսպիսի հետևողականությամբ վերադառնում նույն շնորհավորանքին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին։ Նա գրել է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։

Զրույցի ընթացքում Մակրոնը կրկին շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Այս հաղորդագրության ամենաուշագրավ կողմը, սակայն, ոչ թե բուն զրույցն է, այլ այն, որ սա նույն առիթով Մակրոնի արդեն երրորդ շնորհավորանքն է։ Միջազգային քաղաքականության մեջ նման կրկնվող շեշտադրումները քաղաքական ուղերձներ են, ոչ թե սովորական դիվանագիտական քաղաքավարության դրսևորումներ։

Ինչո՞ւ է Ֆրանսիայի նախագահն այսպիսի հետևողականությամբ վերադառնում նույն շնորհավորանքին։

Առաջին վարկածն այն է, որ Փարիզը փորձում է արտաքին լեգիտիմության լրացուցիչ հենարան ապահովել գործող իշխանության համար։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները վստահության լուրջ ճգնաժամ են հարուցել: Այս պայմաններում հերթական շնորհավորանքը կարող է ընկալվել որպես արտաքին աջակցության միջոցով ներքին լեգիտիմության ամրապնդման փորձ։

Երկրորդ վարկածն այն է, որ Ֆրանսիան ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի ներքաղաքական գնահատականներից անկախ՝ իր ռազմավարական խաղադրույքը շարունակում է կատարել բացառապես գործող իշխանության վրա։

Կա, սակայն, նաև երրորդ՝ ավելի քաղաքական և հեգնական մեկնաբանություն։ Վերջին շրջանում գրեթե ամեն անգամ, երբ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ հերթական սահմանափակող քայլ է ձեռնարկում, Փարիզից հնչում են ինքնիշխանության մասին հայտարարություններ կամ Փաշինյանին ուղղված նոր շնորհավորանքներ։

Հուլիսի 24-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց Հայաստանից կաթնամթերքի ներմուծման նոր սահմանափակումների մասին, որոնք ուժի մեջ են մտնում հուլիսի 27-ից։ Սա ռուսական տնտեսական ճնշումների շարունակությունն է, որն արդեն ներառել է մրգեր, բանջարեղեն, ձկնամթերք և այլ ապրանքներ։

Այս ֆոնին ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք Մակրոնը շարունակում է շնորհավորել ընտրական հաղթանակի համար, թե՞ ամեն անգամ «շնորհավորում» է Հայաստանի «ինքնիշխանության» հերթական «նվաճումը»՝ ռուսական նոր սահմանափակումների ֆոնին։

Մինչդեռ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց բիզնեսը տուժում է այդ սահմանափակումներից, շատ կոնկրետ աջակցության կարիք ունեն, քան հերթական «քաջալերական» տեքստերի։

Արտաքին լեգիտիմությունը չի լուծում ներքին տնտեսական և սոցիալական խնդիրները։ Ֆրանսիայի հետևողական աջակցությունն իրական աշխարհաքաղաքական մրցակցության արտահայտություն է՝ ուղղված Մոսկվայի ազդեցության նվազեցմանը։ Սակայն այդ «աջակցության» բացառապես հռետորաբանական բնույթը և կրկնվող շնորհավորանքները հնչում են անհամարժեք այն գնի նկատմամբ, որ վճարում է Հայաստանի հասարակությունը՝ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով:

Ի վերջո, սա պարզապես հերթական շնորհավորա՞նք է, գործող իշխանության լեգիտիմացման փո՞րձ, թե՞ Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական մրցակցության հերթական դրսևորում։ Յուրաքանչյուր ընթերցող կարող է ունենալ իր պատասխանը»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան