Առաջարկվում է Լոռու մարզում Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ձևավորել նոր՝ Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։
Նման կարգավորում է առաջարկել ՀՀ Կառավարությունը՝ փոփոխություններ առաջարկելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Օրենսդրական առաջարկը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Նշվել է, որ միավորման ծրագրի վերաբերյալ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են հանրային լսումներ։
2016 թվականից սկսած՝ համայնքների միավորման շրջանակում երկու մոդել է կիրառվել՝ փնջային և շրջանային։ Առնակ Ավետիսյանի խոսքով տեղական և միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանային մոդելով իրականացվող համայնքների միավորումներն առավել արդյունավետ են և առավելապես ծառայում են համայնքների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, համայնքի կարողությունների առավել ամրապնդմանը, համայնքային և ՏԻՄ ոլորտի բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը։
Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում կունենանք 62 համայնք՝ համապատասխանաբար 55 բազմաբնակավայր համայնքներով։
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները մտահոգություն են հայտնել համայնքների միավորման գործընթացի առնչությամբ, նշել, որ քննարկումները համայնքներում բավարար չեն եղել։ Տեսակետ է հնչել, որ քաղաքական նպատակահարմարությամբ է պայմանավորված այս առաջարկը, ոչ թե համայնքի շահով։ Այդ առնչությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հակափաստարկներ են ներկայացրել։
Խմբակցության անդամների գնահատմամբ բոլոր համայնքների քաղաքացիների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ, ինչին էլ միտված է համայնքների միավորման գործընթացը։
Հարցուպատասխանի և ելույթների շրջանակում անդրադարձ է եղել համայնքների ֆինանսավորման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, ենթակառուցվածքների բարելավման հնարավորություններին։ Բարձրացվել է համայնքների միավորումը տեղական հանրաքվեի ճանապարհով անցկացնելու նպատակահարմարության հարցը։ Նշվել է, որ խոշորացումը համայնքների զարգացման ամենաարդյունավետ քայլերից է։
Փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել վերոնշյալ բոլոր խնդիրների առնչությամբ և մանրամասնել համայնքային քաղաքականության արդյունավետ իրականացման հնարավորությունները։
Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։