Դեռևս Հին Հունաստանում փիլիսոփաները հիմնադրեցին մի յուրօրինակ արվեստ՝ «մեկնությունը», որի նպատակն էր կրոնական առասպելների ու խրթին տեքստերի մեջ փնտրել և գտնել թաքնված, խորին և այլաբանական իմաստներ։ Դարեր անց, եկեղեցական մատենագրության այս ավանդույթները, կարծես թե, իրենց ժամանակակից ու աշխարհիկ դրսևորումն են գտնում Հայաստանի իրավական համակարգում։
Ասվածի վառ ապացույցն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերջին՝ թիվ N 18/2026/Վ/Կ որոշումը։ Հանձնաժողովը քննության էր առել քաղաքացի Սեմյոն Բաբայանի դիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Վերջինս հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե «ընդդիմադիր ուժերի քվեների 100 տոկոսը եղել է գնված»։
Թվում էր, թե գործ ունենք պարզ մաթեմատիկական և իրավական պնդման հետ, որը վերաբերում է շուրջ 600 հազար ընդդիմադիր ընտրողների արժանապատվությանը։ Սակայն ԿԿՀ-ն նախընտրեց չսահմանափակվել չոր իրավաբանությամբ և անցավ բովանդակային «մեկնության»։
Այսպիսով, ԿԿՀ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթի հարուցումը: Գործի հիմքում ընդդիմադիր ընտրողներին վերաբերող աղմկահարույց հայտարարությունն է և դրան տրված իրավական գնահատականը:
Հիշեցնենք՝ 2026 թվականի հուլիսի 14-ին քաղաքացի Սեմյոն Բաբայանը դիմում էր ներկայացրել ԿԿՀ՝ վկայակոչելով Փաշինյանի՝ հիշյալ հարցազրույցում արված այդ պնդումը: Դիմումատուի իրավական փաստարկը հիմնված էր «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի վրա, որը պետական պաշտոնյաներից պահանջում է՝ ցուցաբերել քաղաքական զսպվածություն, հարգել քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը, զերծ մնալ անհիմն մեղադրանքներից:

Հանձնաժողովն առաջին հերթին հղում է անում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային: Ըստ այդ նախադեպերի՝ քաղաքական բանավեճում արված նույնիսկ վիճահարույց արտահայտությունները պաշտպանված են, եթե դրանք չեն հանդիսանում «անհիմն անձնական հարձակում» և ունեն որոշակի «փաստական հենք»: Հանձնաժողովն իր որոշման մեջ պաշտոնապես արձանագրում է, որ վարչապետի ձևակերպումը («100 տոկոսը գնված է») կրել է «չափազանցության որոշակի աստիճան»:
Հղում անելով լեզվաբանական բացատրությանը՝ ԿԿՀ-ն դա դիտարկում է որպես պատկերավորման միջոց (հիպերբոլա), այլ ոչ թե բացարձակ իրավական պնդում: Որպեսզի արտահայտությունը չդիտվի անհիմն, ԿԿՀ-ն հղում է անում իր իսկ մեկ այլ՝ թիվ N 17/2026/Վ/Կ որոշմանը: Հանձնաժողովը նշում է, որ քանի որ նախընտրական շրջանում եղել են ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քննարկումներ, վարչապետի խոսքն ունեցել է «որոշակի փաստական հենք»:
Այս իրավական հաջորդականության հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանգել է հետևյալ եզրակացությանը. վարչապետի պնդումները չեն ունեցել առերևույթ վիրավորելու նպատակ:

Ըստ որոշման՝ խոսքն ուղղված է եղել ընդդիմադիր ուժերի քաղաքական վարքագիծը քննադատելուն և ընտրական գործընթացների վերաբերյալ «գնահատողական դատողություններ» կատարելուն: Նիստը նախագահող և ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի ստորագրությամբ հանձնաժողովը որոշել է մերժել վարույթի հարուցումը՝ վարքագծի կանոնների խախտման հատկանիշների բացակայության հիմքով: