copy image url
Ներքին Խոսք 59 րոպե առաջ - 22:49 22-07-2026

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է

Մերի Հակոբյան

Լրագրող

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որը 2023 թվականի սեպտեմբերից փակ է հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների պատճառով, դեռ չի վերաբացվել։

Վերջին օրերին մեկնարկել է շինարարական աշխատանքների նոր փուլը. Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի և ներկայիս տնօրեն Լուսինե Ղարախանյանի հետ՝ պարզելու, թե ինչու են աշխատանքները ձգձգվել և ինչ փուլում են այժմ։

Նախկին տնօրեն Անի Եղիազարյանի խոսքով՝ երկրորդ մասնաշենքի ապամոնտաժման, ապա նորից կառուցման անհրաժեշտությունը նոր որոշում չէ, այլ ի սկզբանե ներառված է եղել հաստատված նախագծում։

«Դա ի սկզբանե հենց նախատեսված է եղել, նոր բան չէ։ Երկրորդ մասնաշենքը կառուցվել էր 1968-69 թվականներին՝ Թումանյանի 100-ամյակի առթիվ, և հիմքերի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ։ Մասնագիտական բոլոր ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այն գրեթե վթարային վիճակում է և պետք է ամբողջությամբ ապամոնտաժվի ու նորից կառուցվի»,- ասաց Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ նախագծում հետագայում կատարված հիմնական փոփոխությունը վերաբերում էր ոչ թե ապամոնտաժման անհրաժեշտությանը, այլ շենքի ծավալին։

«Սկզբնական նախագծում նախատեսված էր երկուհարկանի շինություն, սակայն հետագայում որոշվեց այն դարձնել քառահարկ։ Այս փոփոխությունն է հիմնական տարբերությունը»,- նշեց նա։

Եղիազարյանը նաև հիշեցրեց, որ սկզբնական նախագծով փորձ էր արվել պահպանել Թումանյանի դստեր հեղինակած «Լոռվա ձոր» համայնապատկերի հատվածը, սակայն չի բացառվում, որ հետագա նախագծային փոփոխությունների արդյունքում այդ լուծումը վերանայված լինի։

Անդրադառնալով ժամկետներին՝ նախկին տնօրենը նշեց, որ քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությամբ նախատեսված էր 31-ամսյա ժամկետ, ինչի արդյունքում աշխատանքները պետք է ավարտվեին 2026 թվականի գարնանը։

Սակայն, նրա խոսքով, 2024 թվականի սկզբին գործընթացը դադարել է, իսկ հետագա փոփոխությունների և նոր ժամկետների վերաբերյալ ինքը տեղեկություն չունի։

Մինչդեռ թանգարանի ներկայիս տնօրեն Լուսինե Ղարախանյանը Oragir.News-ին հայտնել է, որ շինթույլտվությունն արդեն առկա է, և շինարարական նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են։

«Առաջիկա օրերին շինարարությունը կսկսվի»,- ասաց նա։

Ներկայիս տնօրենի խոսքով՝ աշխատանքների ձգձգման պատճառը նախագծում ի հայտ եկած խնդիրն է եղել։

«Երկրորդ մասնաշենքի քանդման ընթացքում պարզվել է, որ նախագծով նախատեսված միջնապատի ամրակայման լուծումը բավարար չէ, և անհրաժեշտ է եղել այն ամբողջությամբ փոխել։ Քանի որ փոփոխությունը կապված էր սեյսմիկ անվտանգության հետ, նախագիծը պետք է կրկին անցներ բոլոր պարտադիր փորձաքննությունները, համաձայնեցումները և հաստատումները, ինչը զգալի ժամանակ է պահանջել»,- պարզաբանեց Ղարախանյանը։

Նրա խոսքով՝ այժմ բոլոր անհրաժեշտ հաստատումներն արդեն ստացվել են, իսկ նոր շինթույլտվությամբ նախատեսված է աշխատանքներն ավարտել 31 ամսվա ընթացքում։

«26 թվականի հունիսին արդեն ստացել ենք շինթույլտվությունը, առաջիկա շաբաթվանից շինարարությունը կսկսվի։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, աշխատանքները կավարտվեն 31 ամսվա ընթացքում։ Վստահ եմ՝ արդյունքում կունենանք թանգարան, որը կդառնա Հայաստանի մշակութային այցեքարտերից մեկը»,- նշեց նա։

Այսպիսով, եթե նախկին տնօրենի փոխանցմամբ երկրորդ մասնաշենքի ապամոնտաժումն ի սկզբանե ներառված էր նախագծում, ապա ներկայիս տնօրենը շեշտում է, որ աշխատանքների ձգձգման հիմնական պատճառը նախագծային վրիպումն ու դրա հետևանքով անհրաժեշտ դարձած նոր փորձաքննություններն ու համաձայնեցումներն էին։

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 2023 թվականի սեպտեմբերից ժամանակավորապես տեղափոխվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն, որտեղ շարունակվում է թանգարանի ցուցադրական և կրթական գործունեության մի մասը։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը