Անցած 35 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիներս տեսել ենք հարյուրավոր խոշոր, բազմահազարանոց հանրահավաքներ, որոնք կազմակերպվել են հանրային էնտուզիազմի և գաղափարական հենքի վրա: Սակայն այսօր, հանրային աջակցության պակասը իշխանությունը փորձում է լրացնել թանկարժեք տեխնոլոգիական էֆեկտներով: 94 միլիոն դրամը մեկ օրվա մեջ վերածվել է լույսերի ու ձայնային էֆեկտների, երբ երկիրն ունի անվտանգային, սոցիալական և տնտեսական առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:
Հրապարակված փաստաթուղթը լույս է սփռում ոչ միայն առանձին վերցրած միջոցառման, այլև իշխող կուսակցության նախընտրական հիմնադրամի ընդհանուր՝ 597 միլիոն 390 հազար դրամի հսկայական բյուջեի մութ անկյունների վրա: Թվերի պարզ համադրությունը ցույց է տալիս, որ մեկ հանրահավաքի «շոուն» աստղաբաշխական գնով է նստել քաղաքացիների վրա, որն ուղղակի ծաղր է սոցիալական ծանր բեռի տակ կռացած և ամենօրյա թանկացումներից խեղդվող հասարակության հասցեին։
2026 թվականի մայիսի 6-ին կնքված պայմանագրով ի սկզբանե նախատեսված է եղել 50 միլիոն դրամի ծախս, սակայն այդ թիվը հանկարծակի աճել է՝ հասնելով 94 միլիոն դրամի: Ինչպե՞ս և ո՞ւմ թեթև ձեռքով է մեկ պայմանագրի արժեքը ընթացքում աճել գրեթե 100%-ով, պարզ չէ։ Փաստաթղթում նշված է նաև մեկ այլ թիվ՝ 44 միլիոն դրամ։ Թեպետ ամենևին էլ հասկանալի չէ, թե ինչ ծախսեր է իր մեջ ներառում այս թիվը, սակայն ենթադրելի է, որ սա դեռ վերջը չէ, և հանրության աչքին թոզ փչելու այս միջոցառման վերջնական գինը դեռ կարող է աճել։

Երբ քաղաքական ուժը ստիպված է լինում միլիոններ ծախսել քաղաքացուն հրապարակ բերելու, նրան «դրոն շոուներով» զվարճացնելու կամ շրջիկ պիկապների սպասարկումն ապահովելու համար, դա խոսում է գաղափարական սնանկության մասին: Սա ոչ թե ժողովրդավարական հանրահավաք է, այլ թանկարժեք PR ներկայացում՝ բեմադրված հանրության հաշվին:
Համեմատության համար նշենք, որ նախկինում խոշոր հանրահավաքները հիմնվում էին մարդկանց անվճար, գաղափարական մասնակցության վրա: Եթե նախկինում հարյուրհազարանոց հանրահավաքների համար բավարար էր մեկ պարզ հնչյունային մեքենա կամ հարթակ, ապա այսօր մեկ երեկոյի համար դուրս են գրվում տասնյակ միլիոններ՝ միայն բեմական գերժամանակակից տեխնիկայի վարձակալության համար:
Այսպիսով, մինչ հասարակության լայն շերտերը փորձում են գոյատևել ամենօրյա թանկացումների պայմաններում, իշխող ուժը ցուցադրական շքեղությամբ մեկ երեկոյի ընթացքում վատնում է մի ամբողջ գյուղական համայնքի տարեկան բյուջեին հավասար գումար: Այս թվերը լավագույնս ապացուցում են, թե որքան է ներկայիս քաղաքական «էլիտան» կտրված իրական Հայաստանի հոգսերից ու ամենօրյա իրականությունից: