copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:55 17-02-2026

ՀԱԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում եկեղեցուն

Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն. Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ, խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին ասված է Հայ Ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։

«Դրա պատրվակ է հանդիսացել Դատարանի իբր օրինական որոշման պահանջները չկատարելը։

Սա բացահայտ ծաղր է արդարադատության, օրինականության եւ բանականության նկատմամբ։

Դատարանը անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու օրինականությունը, վարույթ է ընդունել եւ հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ իրավասության ներքո։

Սահմանադրութունը աներկբա արգելում է պետությանը միջամտելու կրոնական կազմակերպության ինքնակառավարմանը։ Այս անհեթեթությունը կատարելության հասցնելու մոլուցքով, Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել այդ ապօրինի որոշումը չհարգելու առիթով։ Մերկապարանոց չհնչելու համար մեջբերենք դեռ 1991թ. ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածները.

Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը`

ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը.

բ) չի միջամտում եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գարծունեությանը եւ ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որեւէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.

գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որեւէ պետական ֆունկցիա:

Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը.

- ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով.
- վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.
- կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.
- նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում.
- գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը.
- ծավալել բարեգործական եւ բարեխնամ գործունեություն:

Միեւնույն ժամանակ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝ միջազգային իրավական նորմերի սահմաններում:

Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միեւնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին եւ սպասավորներին վերապահում է հասարակական եւ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

Նիկոլ Փաշինյանն իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը եւ իրավապահ մարմիններն, ըստ էության, խարխլում է Հայոց պետականության հիմքերը եւ սահմանադրական կարգը։ Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին։

Հայ Ազգային կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ դատապարտում վերջինիս նկատմաբ սանձազերծված ապօրինություններն ու Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ գնահատական տալու Մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը