copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 22:02 07-09-2026

Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ձկնաբուծարաններից իշխան ձուկը «դուրս է գալիս» 1300–1400 դրամով, իսկ մանրածախ շուկայում նույն այդ ձկան գինը հասնում է մինչև 3800 դրամի: Առաջին հայացքից սա թվում է խոշոր խաղացողների սովորական գնային կամայականություն կամ փոքրերին շուկայից դուրս մղելու դավադրություն: Սակայն իրականությունն անհամեմատ ավելի խորն է ու վտանգավոր:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Oragir.News-ի հետ զրույցը վեր հանեց այն կոնկրետ պատճառները, թե ինչու է Հայաստանում տապալվել ազատ շուկան և ինչպես է պետության՝ ամեն ինչ ինքնահոսի թողնելու քաղաքականությունը սպանում տեղական արտադրողին:

Շուկայական ցնցումների օրերին պաշտոնական մակարդակով հաճախ է հնչում թեզը. «Եթե շուկայում գինը չի նվազում, ուրեմն խնդիր չունենք»: Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ խանութների ցուցափեղկերին գների «կայունությունը» ընդամենը պատրանք է, որով փորձում են թոզ փչել հասարակության աչքերին և թաքցնել ներսում հասունացող տնտեսական աղետը:

«Այս պահին շուկա էժան ապրանք հանող խոշոր ընկերություններն ամենևին էլ ուրախ չեն դրա համար: Պատճառն այն է, որ նրանք պարզապես չեն կարողանում իրականացնել արտահանման բավարար ծավալներ: Այդ քանակությամբ ձուկը պահելը մեծ խնդիր է, ուստի նրանք ընտրել են գոյատևման նվազագույն գինը, որպեսզի կարողանան տնտեսությունը ոտքի վրա պահել: Կան նաև ընկերություններ, որոնք հասկանալով, որ այդ գինն իրենց ձեռնտու չէ, անգամ այդ արժեքով ապրանք բաց չեն թողնում»,- վստահեցրեց Պիպոյանը։

Ամենացավոտ հարցն այն է, թե ինչու սպառողը չի զգում ապրանքի էժանացումը: Եթե ձուկը կամ լոլիկը բուծարանից ու գյուղացուց գնվում է կոպեկներով, ինչու է խանութում գինը մնում գրեթե նույնը: Պիպոյանը բերում է լոլիկի պայմանական օրինակը։

«Օրեր առաջ ասում էին՝ եթե արտահանման խնդիր ունենք, ինչո՞ւ ապրանքը չէժանացավ: Սպառողը գնում է խանութ, տեսնում, որ լոլիկը 550 դրամի փոխարեն դարձել է 450 կամ 500 դրամ, և նրան թվում է, թե էական փոփոխություն չկա: Բայց հարց է առաջանում՝ եթե գյուղացին նախկինում այդ լոլիկը վաճառում էր 300 դրամով, իսկ հիմա ստիպված է վաճառել շատ ավելի էժան, ինչու է մանրածախ գինը մնում գրեթե նույնը: Իրացնողները կարող են գյուղից ապրանքը բերել, չարչարվել, դասավորել և համարել, որ իրենց աշխատանքն ավելին արժե, բայց դա չի նշանակում, որ ձեռքբերման գինը չի նվազել: Ամեն ինչ չէ, որ առաջին հայացքից այդքան պարզ է»,- նշեց Պիպոյանը։

Ըստ փորձագետի՝ խնդիրը ոչ թե ներքին մրցակցային պատերազմն է, այլ համակարգային բացը. «Պատճառն արտահանման խնդիրներն են, իսկ մեր տնտեսությունն ուղղակի նախատեսված և պլանավորված չի եղել ներքին շուկայի սպառման ծավալների համար»:

Բաբկեն Պիպոյանի արձանագրմամբ՝ խնդրի բուն արմատը ագրարային ռազմավարության կատարյալ բացակայությունն է, ինչի պատճառով իրացման շղթայում անառողջ պատկեր է ստեղծվում: «Մեր այս դիտարկումը խոսում է այլ իրողության մասին. ագրարային քաղաքականություն չունենալու հետևանքով իրացման ցանցում գոյանում է մինչև 300 տոկոս մարժա: Գյուղատնտեսական ապրանքի համար սա բացարձակապես աննորմալ երևույթ է, ինչը փաստում է համապատասխան քաղաքականության իսպառ բացակայությունը»:

Նա փաստում է, որ ներքին շուկան ֆիզիկապես ի վիճակի չէ սպառել այն ողջ ծավալը, ինչ արտադրվում է, նույնիսկ եթե գինը ծայրահեղ իջեցվի․ «Եթե անգամ այս պահին մանրածախ գինը դառնար 800 դրամ, ինչն արդեն աննորմալ է, քանի որ ձկան կերի, ջրի և հարկերի ծախսերով ինքնարժեքը հաստատ ավելի բարձր է, միևնույն է, մենք՝ որպես հասարակություն, չէինք կարողանա սպառել արտադրվող ողջ ծավալը: Մեր ունեցած արտադրողականությունն անհամեմատ ավելի շատ է, քան ներքին շուկայի պահանջարկը: Իսկ ավելցուկի դեպքում բնականաբար ունենալու ենք գնանկում: Հենց այստեղ է, որ պետք է վարվի հստակ ագրարային քաղաքականություն, և տնտեսվարողներին ցուցաբերվի իրական աջակցություն, այլ ոչ թե կենացների մակարդակով հայտարարություններ արվեն, թե՝ «ապրանքը տարեք Եվրոպա, ձեզ գումար կտանք»:

Իսկ ով է հաշվարկել, թե ինչպես և ինչ գնով պետք է արտահանեն Եվրոպա, կամ եվրոպական շուկան ինչպիսի ձեռքբերման գներ է առաջարկում»,- հարցադրում է Պիպոյանը։

Ազատ շուկայական հարաբերությունները և առաջարկ-պահանջարկի դասական կանոնը լավ գործիքներ են, բայց դրանք գործում են միայն այն ժամանակ, երբ կան հստակ խաղի կանոններ: Պետությունն իրավունք չունի ամեն ինչ թողնել բացարձակ ինքնահոսի:

«Այս ոլորտում ազատ շուկայական հարաբերությունները, կարելի է ասել, ամբողջությամբ տապալված են և գոյություն չունեն: Առաջարկն ու պահանջարկը դասական, լավ կանոններ են, բայց դրանք պետք է գործեն հստակ կարգավորումների շրջանակում: Պետությունը իրավունք չունի ամեն ինչ թողնել ինքնահոսի ու ասել՝ դե ինչ լինում է, թող լինի»:

Ամփոփելով՝ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ երբ տնտեսական քաղաքականությունը հիմնվում է մակերեսային վերլուծությունների վրա, դա հանգեցնում է հանրությանը մոլորեցնելուն։

«Երբ ամեն ինչ արվում է սիրողական մակարդակի վերլուծությունների հիման վրա, արդյունքը լինում է ձախողումը: Չի կարող ոլորտից չհասկացող մարդուն «ոտի վրա» ինչ-որ տեղեկատվություն տրվել, և նա խորությամբ ընկալի խնդիրը: Երբ մատուցվում է այնպիսի մակերեսային տեղեկատվություն, որ մարդուն թվում է, թե ինքն արդեն հասկանում է ոլորտը, դա նշանակում է, որ իրականում նրան ոչ թե տեղեկացրել են, այլ պարզապես խաբել են: Սրանում է հիմնական խնդիրը»,-եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Ամենից շատ դիտված