Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 16:59 11-01-2026

Իրանի խորհրդարանը արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

Իրանի խորհրդարանը կիրակի օրն արտահերթ նիստ է անցկացնում երկրում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով, որոշ տվյալներով, զոհվել է ավելի քան 100 մարդ։

Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը:

Նիստի ժամանակ որոշ պատգամավորներ վանկարկել են «Մահ Ամերիկային»:

Ըստ Associated Press-ի, որը հղում է անում տեղի իրավապաշտպան կազմակերպություններին, ողջ երկրում ընթացող ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 116 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը հասել է 2600-ի: Միաժամանակ գործակալությունը նշում է, որ ստույգ թվեր իմանալը դժվար է, քանի որ երկրում անջատված են ինտերնետը և միջազգային բջջային կապը:

Թեհրանի նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Քոդրաթոլլա Մոհամմադին հայտնել է, որ անկարգությունների ժամանակ զինված մասնակիցները հրկիզել են 26 բնակելի տուն, 34 մզկիթ, 40 բանկ, 15 առևտրի կենտրոն, 13 պետական հիմնարկ և 50 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ հանրային:

Նա նաև նշել է, որ ցուցարարները ոչ միայն հրկիզումներ են իրականացրել, այլև խոչընդոտել են հրշեջների աշխատանքը:

«Գործողություններից մեկի ժամանակ մեր աշխատակիցներն ուղևորվում էին դեպի այրվող բնակելի շենքը, սակայն խռովարարները հրկիզել են մեքենաները և թույլ չեն տվել նրանց հասնել դեպքի վայր»,- հայտարարել է Մոհամմադին: