Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:57 02-02-2025

Մեղրին, Արծվաշենն ու չագուչը. ժողովրդին ի՞նչ տվեց ասուլիսը 

Մեղրին, Արծվաշենն ու չագուչը. ժողովրդին ի՞նչ տվեց ասուլիսը

Ո՞րն էր հունվարի 31-ին կազմակերպված 4-ժամանոց ասուլիսի նպատակը։ Հանրային խոսույթում գերիշխում է այն տեսակետը, թե ասուլիսի կարմիր թելն էր հիմնավորելը, թե ինչու է ընկնում ՔՊ վարկանիշը։

Առաջին տեղում Մեղրիի թեման էր։ ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթերի գաղտնազերծումը խառնել է շատերի խաղաթղթերը։ Առաջին հայացքից՝ թիրախում Ռոբերտ Քոչարյանն է, ենթադրյալ խնդիրը նրան ակտիվ քաղաքականության մեջ կրկին ներքաշելն է։ Աշխարհաքաղաքական թիրախն էլ ակնարկն է, թե ԱՄՆ-ն դեմ է եղել Մեղրին թուրքերին հանձնելուն, հետևաբար՝ հիմա էլ դեմ է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին»։

Մեղրիի թեմային անդրադառնալով՝ Փաշինյանն ակնարկեց, որ այդ մասին իմանալուց հետո նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել։ Այս պարագայում ևս թիրախը նույնն է եղել։ Սակայն արդյունքում ընկել է իր վարկանիշը, քանի որ նախկինները արդյունավետ քարոզչություն են կազմակերպել։

Ասուլիսում ուշագրավ էր Արծվաշենի թեմայի արծարծումը։ «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը 2019-ի դեկտեմբերին արծվաշենցիներին «չուզող հարևան» է անվանել։ Սա հաշվի առնելով՝ 1992-ից զավթված ՀՀ ինքնիշխան տարածքի անբաժան մաս Արծվաշենի վերադարձի հիմնական շահառու արծվաշենցիների մի մասը իրավունք ունի կարծելու, որ նա հետևողական չի լինելու Արծվաշենի հարցում և բանակցային ինչ-որ փուլում թեման հանելու է՝ պատասխանատվությունը գցելով ժողովրդի վրա։ Այս մասին ևս քողարկված ակնարկ կար նրա խոսքում։ «Եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասենք՝ այս հարցը հանում ենք, բայց ո՞վ կարող է և ո՞նց կարող է այդ հարցը հանել, ո՞վ կարող է ՀՀ ինքնիշխան տարածքի հարց հանել»,- ասել է Փաշինյանը։

Հետաքրքիր էր նաև ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ ռուսական արձագանքների մեկնաբանությունը։ «Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, դա ակնհայտ է։ Այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ՝ ՌԴ դիրքորոշումների և անհանգստությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ։ Այն, որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»:

Ակնհայտ է որ այս հակասական մոտեցումը փակուղային է, որի արդյունքում Փաշինյանը զրկվում է և՛ ռուսամետների, և՛ արևմտամետների համակրանքից։ Եթե ՀՀ ԱԺ-ն առաջիկա օրերին ընտրի ԵՄ-ին անդամակցելու օրակարգ, ապա այն իրականացնելու համար ՀՀ-ում պետք է իշխանափոխություն լինի, քանի որ Փաշինյանը 2018-ին իշխանության է բերվել ռուսական օրակարգը սպասարկելու առաքելությամբ։ Հետևապես՝ ՔՊ-ական իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը հնարավորինս ձգձգելու է, միաժամանակ փչացվելու են հայ-ռուսական հարաբերությունները։

Ի վերջո, չագուչին առնչվող թեմային անդրադառնալով, վարչապետն ուղիղ խոստացավ, որ մուրճը կիրառվելու է որպես քաղաքացիների ազատությունների դեմ ոտնձգությունները կանխելու գործիք։ Սա ուղիղ ակնարկ էր ընդդիմախոսներին, որ ավելի համարձակ քննադատեն իշխանություններին։ Այս պարագայում էլ նա զրկվում է այն համակիրներից, որոնք ընդդիմախոսների հանդեպ արագ հաշվեհարդարի կողմնակից են։

Ամփոփելով՝ կարելի է ենթադրել, որ ասուլիսը ակնկալվող արդյունքը ապահովեց։ Փաշինյանը մի քանի առումներով հիմնավորեց, թե ինչու է ընկնում իր վարկանիշը։ Ու քանի որ նա շարունակելու է նույն կերպ, ապա այն առաջիկայում չի էլ բարձրանա։ Սոցցանցերում, մամուլում ասուլիսի արձագանքները վկայում են, որ հանրության մի մասն արդեն իմունիտետ է ձեռք բերել՝ նրա մանիպուլյացիաներին չի ենթարկվում, մի մասը պարզապես չի հավատում նրան, մի մասն էլ ավելի ազնիվ, արդարամիտ, ճշմարտախոս, առաքինի, ազգանվեր, խելացի ղեկավարի է սպասում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
17:30 Էդ 3-ին հասցեական ջախջախելու եմ. այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:40 Ընտրությունները կեղծվել են ու հրապարակները դատարկ ե՞ն. ընդդիմության լիդերները տանը վեր ընկած քյաբաբ ե՞ն ուտում. Փաշինյան
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
18:54 Մինչ խունտայի առաջնորդը գրեթե ամեն օր ճամարտակում է, ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել. Այվազյան