Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի, նիստում որոշեց 4,4 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի (Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) ջեռուցման ջրագծերի համակարգի փոխարինմանը։
Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ իշխանությունն ամեն բան անում է իր հարմարավետության, այլ ոչ թե ժողովրդի համար։
«Ավելի լավ է՝ գնան, փոխեն մարզերում ոռոգման ջրի խողովակները, որը նախատեսում են ամեն տարի, և գյուղացին ամեն տարի բախվում է այդ խնդրի հետ։ Այդ ջրային մեծ կորուստները բերում են անընդհատ բնական խնդիրների։ Ընդհանուր առմամբ՝ գյուղատնտեսական հողեր մշակողների համար անընդհատ խնդիրներ են առաջացնում։ Թող առաջնահերթություններն այդպես դիտարկեն, ոչ թե իրենց ջերմությունն ու կոմֆորտը»,- ասաց նա։
Ավետիսյանի պնդմամբ՝ այս իշխանությունը միշտ խոստանում է, սակայն երբեք չի իրականացնում։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունն անընդհատ խաբում է մարդկանց, ասում է մեկ բան, անում բոլորովին այլ բան։
«Իրենց ամենաբարձր կատարողականը 100 տոկոսից գերազանցում է կապիտալ ծախսերը։ Դա վերաբերում է իրենց սպասարկող ավտոմեքենաների թարմացմանը, իրենց գրասենյակների կահավորմանը, վերանորոգմանը, և ընդանրապես՝ իրենց, այսպես ասած, կյանքի որակի լավացման ուղղություններին։
Իսկ որտեղ որ պիտի հանրության համար որևէ բան արվի, հիմնականում այդտեղ իրենք կա՛մ թերի անելով են հայտնի, կա՛մ էլ ընդհանուր առմամբ՝ նախատեսում են, դրա մասին խոսում, հետո արդեն իրականացման փուլում սկսում են մեղավորներ գտնել, թե ինչի չկատարվեց կամ ինչի որակով չկատարվեց։ Էլ չխոսեմ, որ այդ կապիտալ ծախսերի մեջ օր օրի աստղաբաշխական կերպով աճում են կոռուպցիոն և այլ ռիսկերը»,- եզրափակեց նա։
Նշենք, որ վարչապետի նստավայրի շենքի ջեռուցման ջրագծերի համակարգը առաջին անգամը չէ, որ փոխարինվում է։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման ջրագծերի համակարգը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում և ենթակա է փոխարինման։
Նշենք նաև՝ հաշվի առնելով, որ նախնական մասնագիտական գնահատմամբ ջրագծերի համակարգի փոխարինման շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը գերազանցում է 70 մլն դրամի շեմը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է կազմակերպել և իրականացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման ջրագծերի համակարգի փոխարինման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների գնման գործընթացը: