copy image url
Ներքին 55 րոպե առաջ - 18:00 13-08-2026

Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Քծնողները սկզբունքներ չունեն։ Խորհրդային բռնազավթման տարիներին բազմաթիվ տեղանուններ անվանակոչվել են ռուսական, սովետական, կոմունիստական անուններով, որոնք հայ ժողովրդի և Հայաստանի հետ էական ընդհանրություն չունեն։ Ավելին՝ ապազգային տարրերն ու քծնողներն իրենց երեխաներին զավեշտալի անուններ էին դնում՝ Լենդրոշ (լենինյան դրոշ), Մելս (Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին), Նինել (Լենին անունն է հակառակ ընթերցմամբ) և այլն։ Ինչքան սաստկանում էին բռնաճնշումները, այնքան բազմանում էին ապազգային տարրերը, քծնողներն ու պատեհապաշտները։

1991-ին լավատեսություն կար, որ Հայաստանի անկախացումից հետո այս ամոթալի երևույթը վերջ կունենա, կվերանան ապազգային տարրերը։ Իսկ ժողովրդավարական ազատությունները կնպաստեն, որ վերանան քծնողներն ու պատեհապաշտները։ Սակայն այս լավատեսությունը չիրականացվավ։ Այս քստմնելի երևույթը ոչ միայն չվերացավ, այլև ավելի ծիծաղելի դեմք է ստանում։

Երևանի Հաղթանակի կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը երկար տարիներ չի գործում, և մեր այս աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա։ Այդ մասին կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջարկել եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ այդ փողոցն անվանել COP-17-ի փողոց՝ ի նշանավորում համաշխարհային միջոցառման»,- ասել է նա։

Սա սովորական պատեհապաշտություն չէ, ոչ էլ շարքային քծնանք։ Այս առաջարկության հեղինակը վարչապետն է։ Ինչո՞ւ է նա Երևանի փողոցներից մեկը անվանակոչում COP-17-ի անունով։ Եվ ո՞ւր կարող է հասնել այս անսկզբունքային մոտեցումը։

COP-17-ը բնապահպանական կարևոր միջոցառում է։ Սակայն Փաշինյանը մինչ օրս աչքի չի ընկել որպես բնապահպան, էկոլոգիան երբեք առաջնահերթ չի եղել ՔՊ-ի համար։ Հայաստանում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ մնում են չլուծված և անտեսված, ինչի մասին կարող է վկայել ցանկացած բնապահպան։ Հետևապես, ենթադրելի է, որ COP-17 փողոցը քծնանքի արտահայտություն է։

Փաշինյանի համար կարևոր է, որ շատ երկրների ներկայացուցիչներ գան Հայաստան և մասնակցեն այդ մեծ միջոցառմանը։ Եթե շատ երկրներ մասնակցեն, ապա Փաշինյանի հեղինակությունը կբարձրանա որպես հյուրընկալող։ Նա կարող է ասել. «Տեսե՛ք, քանի պետության ղեկավար եկավ Հայաստան, այդքանն էլ ճանաչում են Հայաստանի իշխանության լեգիտիմությունը, Հայաստանին պետության տեղ են դնում»։ Բայց քանի որ կա վախ, թե Փաշինյանի լղոզ արտաքին քաղաքականության հետանքով քիչ մարդ կգա, ապա Փաշինյանը ընդառաջ քայլեր է կատարում, որոնք գուցե մեծացնեն պոտենցիալ մասնակիցների հետաքրքրությունն ու ծիծաղը և նրանց բերեն Երևան։

Եթե քծնանքի շքերթը շարունակվի, ապա ենթադրելի է, որ առաջիկայում Մարգարյան ծննդատունը կվերանվանեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի անվան, Բայրոնի փողոցը՝ դեսպան Մարագոսի, և այդպես շարունակ։ Այսպիսի քծնանքի փոխարեն լավ կլիներ, եթե Փաշինյանը բնապահպանական կարևոր նախաձեռնությամբ հանդես գար։ Իսկ եթե փողոց է ուզում անվանակոչել կամ վերանվանել, ապա կարող է, երբեմնի բախտակից երկրների օրինակով, դեսովետիզացման մասին օրենք ընդունել և վերանվանել բոլոր այն տեղանունները, որոնք կրում են խորհրդային բռնազավթման կնիքը։ Այսպես ազատ, ժողովրդավարական երկրներն իրապես կհարգեն Հայաստանի իշխանությանը, և իրապես կբարձրանա Փաշինյանի հեղինակությունը։ Իսկ COP-17 փողոց անվանակոչելը գուցե շարժի միջազգային բնապահպանական կառույցների հետաքրքրությունն ու ծիծաղը, սակայն Հայաստանի միջազգային հեղինակությունը չի բարձրացնի։

Կարճ ասած՝ COP-17 փողոց անվանակոչելը ցուցիչ է, որ Հայաստանում քաղաքական պատեհապաշտությունն ու քծնանքը չեն վերացել, քաղաքական առաջնորդները սկզբունքային չեն, իսկ Փաշինյանի համար կարևորը այս րոպեին ուշադրության արժանանալն է, ոչ թե պետության միջազգային հեղինակության կայուն բարձրացմանն ուղղված իրական քայլերը։