copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:31 26-08-2024

Սաբոտաժ ռուսական ՀԷՑ-ի կողմից կամ չվերանորոգված ենթակառուցվածքներ

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Էլեկտրաէներգիայի անջատումները։ Գրեթե ամեն օր, օրը մի քանի անգամ՝ անկախ եղանակային պայմաններից, հոսանքի անջատումներ են լինում, որոնք երբեմն երկար ժամեր են տևում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանի հետ՝ հասկանալու, թե ինչի հետ են կապված վերջին շրջանում հոսանքի հաճախակի անջատումները։

Նրա խոսքով՝ հոսանքի հաճախակի անջատումների հետ կապված շատ վարկածներ կան, սակայն ամենահավանականն այն է, որ հոսանքի մալուխները երկար տարիներ չեն փոխվել, ու ոչինչ չի վերանորոգվել։

«Շատերը մտածում են, որ ռուսական ՀԷՑ-ը ուղղակի սաբոտաժ է անում ինչ-ինչ քաղաքական պատճառներով, բայց ես այդքան հակված չեմ դրան հավատալու։ Ես ավելի շատ հակված եմ հետևյալ վարկածին․ 30 տարվա մեջ Հայաստանի ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրագծերը, էլեկտրագծերը, հիմնավորապես չեն վերանորոգվել։

Ջրի խողովակները դեռ խորհրդային տարիների ջրի խողովակներ են, նույնը՝ հոսանքի մալուխները։ Բայց ամեն ինչ իր ժամկետն ունի։ 30 տարի շարունակ մարդիկ՝ ռուսական կերպարներ, եկել են այդ բնագավառ «խոպան», ինչը հնարավորություն ունեցել են, տարել են, ոչինչ չեն ներդրել։ Հիմա մենք այս իրավիճակում ենք հայտնվել։ Ամեն ինչ պետք է փոխվի։

Առաջին հերթին պետք է օտար պետությունը չկարողանա մեր տնտեսության մեջ մատը խառնի, որովհետև չի կարելի ջուրը տալ ֆրանսիացիներին, լույսը տալ ռուսներին։ Սրանք շատ կարևոր բնագավառներ են»։

Անդրադառնալով տևական ժամանակ քննարկվող նոր ատոմակայանի կառուցման թեմային և ակնկալվող դրական արդյունքներին, մասնավորապես՝ հոսանքի հաճախակի անջատումների նվազմանը, Հեքիմյանը նկատեց՝

«Նախևառաջ՝ ես չեմ հասկանում դրա իմաստը։ Եթե կա ատոմակայան, ապա ինչպե՞ս է հիմնավորվում նորի կառուցումը։ Ինչո՞ւ, օրինակ, հինը չի վերանորոգվում։ Գուցե կան մարդիկ, որոնք ինձանից շատ ավելի լավ գիտեն, որ դա վտանգավոր է, և փորձում են քանդել ու նորը կառուցել։ Սակայն, եթե վտանգավոր է՝ վաղուց փակեիք։

Չեմ կարծում՝ նոր ատոմակայանի կառուցումը կնվազեցնի հոսանքի անջատումները։ Ատոմակայանը տալիս է էլեկտրաէներգիա, բայց էլեկտարաէներգիան մեզ հասնում է մալուխներով, որոնք հին են՝ իրենց դարն ապրած։ Ինչքան էլ նոր ատոմակայան կառուցեն, այդ համակարգը պետք է փոխվի։ Ուզում է՝ հին ատոմակայան լինի, ուզում է՝ նոր լինի, եթե մալուխները հին են, տրամաբանական է՝ դա չի աշխատի»։

Օրեր առաջ ԱՄՆ-ից հաստատել են, որ Հայաստանը դիմել է Միջուկային համաձայնագրին միանալու համար։ Հարցին՝ ինչ կտա դա Հայաստանին, Հեքիմյանը պատասխանեց․

«Իմ կարծիքով՝ Հայաստանին արդեն ոչ մի համաձայնագրին միանալը ոչինչ չի տա, որովհետև Հայաստանը նախ պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում։ Ի՞նչ է նշանակում՝ ամերիկյան միջուկային համաձայնագրին միանալ, սակայն շարունակել մնալ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում ու նման կառույցներում։ Արդյո՞ք մեկը մյուսին չի խանգարելու։ Արդյո՞ք Ռուսաստանը չի խանդելու ամերիկյան համաձայնագրին միանալուն։ Ինձ թվում է՝ կխանդի, ու դա ոչ մի էֆեկտ չի տա։ Ես դեմ չեմ, կարելի է ամեն ինչին միանալ, բայց պետք է հասկանաս՝ դու ինչ ես ուզում, ինչ երկիր ես ուզում ստեղծես։

Պիտի հասկանաս՝ ինչ կտա դա քեզ։ Հնարավոր է՝ մի քանի դրամաշնորհ տան ու վերջ։ Ինչ-որ մեկի գրպանում այդ դրամաշնորհը կհայտնվի ու դրանով կվերջանան այդ պայմանագրերը։ Հայաստանում սովորաբար՝ այդպես է ամեն ինչ վերջանում։ Միանում են ինչ-որ պայմանագրի, դրամաշնորհները ստանում են մեկ, երկու հոգի, ու դրանով վերջանում է»,- եզրափակեց Հեքիմյանը։