«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն 2026 թվականի հուլիսի 21-ին պաշտոնական ծանուցումներ է հրապարակել չորս տարբեր տնտեսվարողների հետ կնքված գնումների պայմանագրերը միակողմանիորեն լուծելու վերաբերյալ։
Որոշումների հիմքում ընկած է մատակարարների կողմից սահմանված ժամկետներում ապրանքների չմատակարարումը կամ տեխնիկական բնութագրերին անհամապատասխանությունը։
Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ գործընթացն ընդգրկում է հետևյալ ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերին. «Սերգեյ Անանյան» ԱՁ-Պայմանագիրը լուծվել է ամբողջությամբ։ Տնտեսվարողը սահմանված 60 օրացուցային օրվա ընթացքում չի մատակարարել նախատեսված ձեռքի լապտերները։

«Մարգարիտ Արծրունյան» ԱՁ․ պայմանագիրը լուծվել է ամբողջությամբ։ Պատճառը շինանյութի, շինարարանքների և սոսինձների չմատակարարումն է, ինչպես նաև ապրանքների անհամապատասխանությունը սահմանված տեխնիկական բնութագրերին։

«Աշոտ Առուշանյան» ԱՁ․ պայմանագիրը լուծվել է մասնակի՝ թիվ 61 չափաբաժնի մասով։ Տնտեսվարողը սահմանված 60 օրվա ընթացքում չի մատակարարել գործիքներ և գործիքային հատուկ հարմարանքներ։

«Սերգեյ Ավոյան Սարգսի» ԱՁ․ պայմանագիրը լուծվել է մասնակի՝ թիվ 24 չափաբաժնի մասով։ Ընկերությունը խախտել է մատակարարման ժամկետները և չի ապահովել ռետինատեխնիկական պատրաստվածքների համապատասխան քանակի մատակարարումը։

Բոլոր չորս դեպքերում էլ ՀԱԷԿ-ի ղեկավարությունը գործել է «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության և պայմանագրային դրույթների շրջանակներում։ Տնտեսվարողներից պահանջվել է սահմանված աշխատանքային օրերի ընթացքում վճարել պայմանագրի և որակավորման ապահովման համար նախատեսված տուժերը, որոնք փոխանցվելու են ընկերության բանկային հաշվեհամարին։
Այս իրավական գործընթացը հանդիսանում է ստանդարտ ընթացակարգ պետական և ռազմավարական նշանակության կազմակերպությունների համար, երբ գնումների մրցույթներում հաղթած կողմերը թերանում են իրենց պայմանագրային պարտավորությունների կատարման մեջ։ Եթե խնդիրը դիտարկում ենք քաղաքական տեսանկյունից, ապա համաձայն ընդդիմադիր գործիչների տեսակետների՝ 2018 թվականից ի վեր գործող իշխանությունների վարած քաղաքականության և արտաքին մարտահրավերների համատեքստում ՀԱԷԿ-ի բնականոն գործունեությունը հայտնվել է վտանգի տակ։
Քննադատները չեն բացառում, որ սա կարող է լինել միտումնավոր գործընթաց, որի նպատակն է թուլացնել էլեկտրակայանի դիրքերը, ինչի արդյունքում Հայաստանը էներգետիկ կախվածության մեջ կընկնի Ադրբեջանի էներգետիկ աղբյուրներից։