Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:30 23-07-2024

Ամրագոտիների չքնադվող թնջուկը․ ՆԳՆ-ն չի ընդունում Սահմանադրական դատարանի գոյությունը

Ներքին գործերի նախարարությունը սույն թվականի մարտի 2-ին հայտարարել էր, եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը։

Այս հայտարարությունը կոշտ քննադատության արժանացավ, նշվում էր, որ այս որոշումը հակասահմանադրական է, քանի որ իրավունք չունեն տեսանկարահանելու տրանսպորտային միջոցի խցիկը։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ՆԳՆ՝ հետաքրքրվել, թե արդյոք Ոստիկանությունը մինչ օրս օգտագործե՞լ է տեսահսկող սարքերը, եթե այո՝ քանի՞ իրավախախտման դեպք է արձանագրվել միայն այդ տարբերակով։ Եթե չի կիրառվել, ապա ո՞րն է պատճառը, վարորդներն ու ուղևորներն այլևս անվերապահորեն հետևո՞ւմ են ամրագոտի կիրառելու վարքականոնին, թե՞ ՆԳՆ-ում ընդունել են, որ այդ որոշումը հակասահմանադրական է։

ՆԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան նշել են․

«Անվտանգության գոտիներով չամրակապված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու փաստերը տեսանկարահանող սարքերով արձանագրելու հարցը քննարկվում է և որոշում կկայացվի համապատասխան ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքներով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող սարքերի միջոցով տրանսպորտային միջոցները վարող անձանց կամ ուղևորների կողմից անվտանգության գոտիներով չամրակապված լինելու փաստն արձանագրելու որևէ իրավական սահմանափակում առկա չէ։ Ավելին՝ համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի Ժ կետի՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն էլ հանդիսանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի, ճանապարհային երթևեկության կանոնների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումների նախականխումը, հայտնաբերումը (ներառյալ` տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով) և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկումը։

Բացի այդ՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների մասով կայացված վարչական ակտերը պետք է ունենան անհատական PIN ծածակագիր, որը հասանելի է միայն վարչական ակտի հասցեատիրոջը։ Նույն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` վարչական ակտի հասցեատիրոջը հանձնվող (իրազեկվող, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրվող) վարչական ակտում զետեղված՝ իրավախախտումն ամրագրած տեսանյութի կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են:

Ելնելով վերոնշյալից՝ հայտնում ենք, որ Ոստիկանությունը նախ օրենքով սահմանված իրավասություն ունի ֆիքսելու տեսանկարահանման միջոցով ցանկացած իրավախախտում, երկրորդ՝ անձնական կյանքի նամակագրության գաղտնիության պահպանման համատեքստում վարչական ակտերը անձամբ ուղարկվում են դրանց հասցեատիրոջը և միայն վերջինս հնարավորություն ունի դիտելու, ուսումնասիրելու իրեն վերաբերող իրավախախտման տեսանյութը և իր անձնական կյանքում առկա դրվագները»։

Թեև ՆԳՆ-ն նշում է, որ տրանսպորտային միջոցի սրահը տեսանկարահանելու պարագայում դրա տեսագրությունն ուղարկվելու է կոնկրետ հասցեատիրոջը, սակայն խնդիրն այստեղ ոչ թե այս կամ այն անձին ուղարկելն է, այլ հենց տեսանկարահանելը։ Հազարավոր ոստիկաններ հնարավորություն են ունենալու տեսնելու տրանսպորտային միջոցների սրահները, այնտեղ գտնվող անձանց դեմքերն ու գործողությունները։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը վճիռ ունի, ըստ որի՝ տրանսպորտային միջոցը հավասարեցված է բնակարանին, հետևաբար՝ առանց դատարանի որոշման, իրավունք չունեն նկարահանել տրանսպորտային միջոցի սրահը։

Դա է պատճառը, որ ոստիկանները ամրագոտու կամ ծխախոտի համար չեն կարողանում ապացույց ներկայացնել, դրանք չապացուցվող խախտումներ են, իրավունք չունեն նկարելու, այդ իսկ պատճառով դատարանում փաստ չեն կարողանում ներկայացնել։

Փաստացի՝ ՆԳՆ-ն չի ընդունում Սահմանադրական դատարանի գոյությունը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ