ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 12-ին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողություններից տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Oragir.News-ը Քննչական կոմիտեից փորձեց ճշտել՝ բախումների ժամանակ տուժած ԶԼՄ ներկայացուցիչները հարցաքննվե՞լ են, և այդ հարցով հետաքննություն իրականացվու՞մ է։ Oragir.News-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշեց, որ նման տվյալներ ՔԿ-ն չի հրապարակում, իսկ պաշտոնական պատասխան ստանալու համար հորդորեց գրավոր հարցում ուղարկել։
«Ընդանրապես դա պրակտիկա է, որ քննչական գործողությունների վերաբերյալ՝ ում հետ է անցկացվել, երբ է անցկացվել, ինչ չափով է անցկացվել, ինչ բովանդակությամբ է անցկացվել, բնականաբար՝ դրանց հետ կապված տեղեկատվություն չեմ կարող փոխանցել»,-ասաց նա։
Oragir.News-ի դիտարկմանը՝ ինչու՞ ՔԿ-ն հաղորդագրություն տարածում է շարժման մասնակիցների դեմ նախաձեռնված քրեական վարույթների մասով, սակայն ոստիկանության աշխատակիցների դեմ նախաձեռնված քրեական վարույթների մասով չկա որևէ հաղորդագորություն՝ Աբրահամյանը պատասխանեց.
«Որ պահին լինի՝ կասենք։ Մենք արդեն նշել ենք, որ այդ պահի դրությամբ, երեկվա դրությամբ, նոր տվյալներ չունենք։ 29 քրեական վարույթ ունենք նախաձեռնած այս ամբողջ ժամանակահատվածում ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ։ Դրանք նախաձեռնվել են առերևույթ խոշտանգման կամ բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Քննություններ են իրականացվում։ Երբ մենք կունենանք կոնկրետ արդյունքներ, տվյալներ որևէ պահի հրապարակման ենթակա, անպայման դրանց վերաբերյալ տեղեկատվություն կփոխանցվի»։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ ոստիկանության գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել ԶԼՄ ավելի քան 10 ներկայացուցիչ։