copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:04 26-01-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից են սպորտի զարգացումն ու միջազգայնացումը:

«2023 թ. դեկտեմբերին հաստատվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որում առանձնակի շեշտադրված է միջազգայնացման քաղաքականությունը: Այս ուղղությամբ հասցրել ենք 2023 թ. ակտիվ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում հաջողությամբ անցկացնելով 5 խոշոր միջազգային առաջնություն: 2024 թ. Երևանում կընդունենք ՈՒԵՖԱ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը, շուտով կանցկացվեն բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը՝ ընդգծելով, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալման քաղաքականությունը լինելու է շարունակական: Անդրադառնալով Հայաստանում սուսերամարտ մարզաձևի զարգացմանը՝ նախարարը կարևորել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական և մրցավարական սեմինարներին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին ներգրավելու հարցը:

Այս համատեքստում քննարկվել է սուսերամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի տարաբնույթ աշխատանքային խմբերում հայ մասնագետների ընդգրկման հնարավորությունը:

«Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի համար շատ կարևոր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որտեղ սպորտը մեծ ապագա ունի»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոն՝ նշելով, որ տպավորված է 2018 թ. Հայաստանում անցկացված Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին ընդգծել է, որ սուսերամարտը Հայաստանում լուրջ ավանդույթներ ունեցող և սիրելի մարզաձև է. մեր երկիրը բազմաթիվ չեմպիոններ է ունեցել:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը