Ազատություն ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն է։ Հարցազրույցի ընթացքում Աղաջանյանը խոսել է Փաշինյանի և Ալիևի ելույթների, բանակցային փաստաթղթի, ռուս խաղաղապահների, միջանցի, խաղաղության պայմանագրի մասին։
«Վարչապետի այսօրվա ելույթում կարելի է արձանագրել որոշ անկյունաքարային շեշտադրումներ, դրանք այն են, որ փաստագրված կերպով վարչապետը ներկայացրեց փաստագրված իրողությունները, որոնք պայմանագրերի տեսքով են՝ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված։ Հետագայում բոլոր հնարավոր տեղերում և ժամանակներում խախտվել են, սա բազմիցս քննարկվել է և արձանագրվել է հայաստանյան իշխանությունների կողմից, այդ թվում՝ մեր կողմից։ Սրանք շատ կարևոր շեշտադրումներ են առաջին հերթին միջազգային հանրության համար, ուղղված միջազգային հանրությանը, որովհետև ադրբեջանական իշխանությունները մշտապես աչքի են ընկել մանիպուլյատիվ հայտարարություններով և ինֆորմացիայի տարածմամբ, որի արդյունքում հաճախ մեր միջազգային գործընկերների մոտ ոչ միանշանակ կարծիք է ձևավորվում ընթացող բանակցությունների վերաբերյալ և սրանք շատ կարևոր շեշտադրումներ են առաջին հերթին՝ ուղղված միջազգային հանրությանը երկրորդ կարծիքի տեղ չլինի և արձանագրվի այն, ինչ իրողություն է»։
Աղաջանյանը համոզմունք հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի իշխանության քաղաքական կամքի խնդիրն է, որպեսզի հաստատվի երկարաժամկետ խաղաղություն։
Աղաջանյանը նկատում է, որ Ալիևի ելույթը լի էր հոխորտանքներով և ստերով, ինչն էլ թույլ չի տալիս արձանագրել կամ առնվազն մտածել, որ նմանատիպ քաղաքական կամք առկա է Ադրբեջանի իշխանությունների մոտ։
Անդրանդառնալով ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին՝ Աղաջանյանը ասաց․ «Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ Ռուսաստանի Դաշնությունը պատեհ կամ նպատակահարմար կհամարի դուրս գալու կամ դուրս բերելու իր խաղաղապահ զորախմբին այդ տարածքից։ Ռուս գործընկերների հետ բնականաբար այս հարցի վերաբերյալ որևէ նոր զարգացում չկա»։
Խոսելով Ադրբեջանի արտատարածքային միջանցքի պահանջ ներկայացնելու մասին՝ Աղաջանյանը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրար հակասող հայտարարություններ է անում, միայն միջանցք ձևակերպումը, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, և այդ միջանցքի գործողության ռեժիմը շատ հստակ է և պարզ բոլոր կողմերի համար։
Ըստ Աղաջանյանի՝ եթե Ադրբեջանի ղեկավարությունը օգտագործում է միջանցք բառը, դա ուղիղ համապատասխանում է Լաչինի միջանցքի հետ։
Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ այս տարի խաղաղության պայմանագիրը Հայաստանը հանձն է առել իրականացնել։