Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:51 05-10-2021

Բժիշկները 10 սանտիմետրանոց ցեմենտի կտոր են հեռացրել տղամարդու սրտից

Յեյլի բժշկական դպրոցի (ԱՄՆ) մասնագետները նկարագրել են ողնաշարի վիրահատությունից հետո առաջացած անսովոր բարդությունը: Դեպքը նկարագրող հոդվածը հրապարակվել է The New England Journal of Medicine-ում:

56-ամյա տղամարդը շտապ օգնության բաժանմունք էր դիմել երկու օր կրծքավանդակի ցավից և շնչահեղձությունից տառապելուց հետո: Մեկ շաբաթ առաջ տղամարդը ողնաշարի վիրահատության էր ենթարկվել՝ կոտրված ողի պատճառով: Նա ենթարկվել էր կիֆոպլաստիկայի, որի ընթացքում բժիշկները ողնաշարի մեջ հատուկ ցեմենտ են ներարկում՝ դրա ուժն ու ձևը վերականգնելու համար:

Սովորաբար, կիֆոպլաստիկան անվտանգ է համարվում. ամերիկացի բժիշկների տվյալներով, միայն 2%-ից պակաս հիվանդների մոտ է բարդություններ առաջանում: Բայց երբեմն ցեմենտը կարող է ոսկորից ներթափանցել այլ տարածքներ, ինչը կարող է հանգեցնել արյան անոթների խցանման:

Հենց նման իրավիճակում է հայտնվել տղամարդը. ցեմենտը ոսկորից ներթափանցել է երակների մեջ, որտեղ կարծրացել է և, հայտնվելով սրտում, էմբոլիա է առաջացրել:

Շտապ օգնության բաժանմունքում տղամարդուն հետազոտել են ռենտգենի և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով և պարզել են, որ նրա սրտում օտար մարմին կա: Բժշկական զեկույցում ասվում է, որ հիվանդը ենթարկվել է սրտի անհետաձգելի վիրահատության, որի ընթացքում բժիշկները գտել են նրա վերին աջ նախասիրտը և աջ թոքը ծակած ցեմենտի բարակ, սուր կտորը:

Բժիշկները հեռացրել են ցեմենտային էմբոլիան, որի երկարությունը 10 սանտիմետր էր: Զեկույցի հեղինակները պնդում են, որ վիրահատությունից հետո տղամարդը բարդություններ չի ունեցել, իսկ մեկ ամիս անց գրեթե ամբողջությամբ ապաքինվել է: