latest_news
copy image url
Ներքին 8 часов назад - 13:00 07-07-2026

Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Մանդատները վերցնել-չվերցնելու թեման փակվեց։ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը հայտարարեցին մանդատները վերցնելու մասին։ Ինչո՞ւ վերցրին մանդատները, և ինչո՞ւ այս հարցն այսքան ձգձգվեց։

Տևական ժամանակ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները բաց էին պահում այս հարցը՝ ակնարկելով, թե հնարավոր է՝ չվերցնեն մանդատները, բոյկոտեն։ Տարբեր մեկնաբանություններ էին հնչում, թե ինչ կլինի, եթե չվերցնեն։ Ակնարկում էին, թե ինչ են անելու չվերցնելու պարագայում, խոսում էին փողոցային տևական պայքարի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ուղղակի կոչ էր անում հեղափոխություն անել։

Մանդատները չվերցնելու ջատագովներն առաջարկում էին փողոցային պայքար մղել այնքան, մինչև Փաշինյանը հրաժարական տա։ Սակայն փողոցային պայքարի հաջողությունը երաշխավորված չէ։ Ի տարբերություն 2018-ի՝ ներկայումս Մոսկվան չի աջակցում ընդդիմադիր ուժերին այնպես, ինչպես աջակցում էր Փաշինյանին Թավշյա հեղափոխության ժամանակ։

Մյուս կողմից՝ Փաշինյանն ու Կրեմլը շատ բան են արել, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանն ընդդիմություն դառնան։ Այսինքն՝ մանդատների արտաքին շահառուներ էլ կան։ Այս ուժերը, որոնք լավ հարաբերություններ ու ընդհանուր շահեր ունեն Կրեմլի հետ, չեն կարող, ի հեճուկս Մոսկվայի, բոյկոտել ԱԺ-ն։ Նրանք ԱԺ են գնում ոչ միայն Փաշինյանին քննադատելու, ՔՊ-ի առաջարկներին դեմ քվեարկելու համար, այլև ռուսական շահերն ու նարատիվներն առաջ մղելու համար։ Դրանով մեծ ծառայություն են մատուցելու նաև Փաշինյանին, որը կարող է արդարանալ, թե ռուսամետ ընդդիմությունն է մեղավոր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, անկախության պաշտպանության քայլեր չեն անում, ժողովրդավարական բարեփոխումներ չեն իրականացնում և այլն։

Այսպիսով՝ իշխանության արագ փոփոխության հետ հույս կապող մարդիկ հուսահատության մեջ են։ Նրանք մեծ սպասումներ ունեին, որ բոյկոտի և փողոցային ակտիվ պայքարի արդյունքում առաջիկայում մի բան կլինի։ Սակայն ԱԺ անցած փոքրամասնությունը որոշեց գնալ ԱԺ և պայքարը շարունակել ԱԺ-ի խոսափողներով։

Իսկ որտեղի՞ց է եկել մանդատներից հրաժարվելու գաղափարը։

2009-ի Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը, որի ցուցակը գլխավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ստացավ 17,41%՝ 13 մանդատ, բայց հրաժարվեց վերցնել իր 13 մանդատները, չմասնակցեց ավագանու աշխատանքներին։ Իհարկե, ՀԱԿ-ը դրանից ոչինչ չշահեց։ Երևանի ավագանին, առանց ընդդիմության, աշխատեց մինչև 2013 թվականը։ Բայց դրանից հետո մանդատները վերցնել-չվերցնելու թեման պարբերաբար քննարկվում է։

Մարդկության պատմության մեջ մանդատները չվերցնելու բազմաթիվ դեպքեր կան։ Դրանցից ամենահայտնին իռլանդացիների օրինակն է։ 1918-ին իռլանդացիներն Իռլանդիայի տարածքում հաղթեցին խորհրդարանական ընտրություններում, բայց չվերցրին մանդատները, չուզեցին բրիտանական խորհրդարանի պատգամավոր դառնալ, քանի որ պայքարում էին Իռլանդիայի անկախության համար, ուզում էին իրենց պետությունն ու իրենց խորհրդարանն ունենալ։

Այսպիսով՝ կարելի է նկատել, որ անկախության համար պայքարում մանդատներից հրաժարվելն արդարացված է։ Եթե «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքները նոր խորհրդարան կազմելու, նոր պետություն ստեղծելու նպատակ չունեին, ապա մանդատները չվերցնելն արդարացված չէր։ Ընդհանրապես, ներքաղաքական պայքարի շրջանակում մանդատներից հրաժարվելն արդարացում չունի։ Ավելին՝ այն, ինչ-որ առումով, ապաքաղաքական է։

Ի վերջո՝ բազմաթիվ ընտրողներ տարբեր պատճառներով ձայն են տվել այս ուժերին։ Ընտրողի նկատմամբ տարրական հարգանքը պարտավորեցնում է վերցնել մանդատն ու գնալ ԱԺ։ Ընտրողը ոչ միայն քաղաքական պատվեր ու քվե, այլև հնարավորություն է տվել նրանց։ Իսկ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Սա նշանակում է, որ եթե հնարավոր է դառնալ ավագանի, պատգամավոր և այլն, ապա քաղաքական գործիչը պարտավոր է դառնալ ավագանի, պատգամավոր և այլն։

Կարճ ասած՝ ընդդիմադիր ուժերը չէին կարող չվերցնել մանդատները։ Նրանք իրոք շատ անելիք ունեն առաջիկա տարիներին։ Նրանք շատ կարևոր են Կրեմլի և Փաշինյանի համար։ Եվ եթե հայ-ռուսական կրքերն առաջիկայում հանդարտվեն, ապա նրանք կառուցողական ընդդիմություն կդառնան, ներդաշնակ կաշխատեն ՔՊ-ի հետ։