latest_news
copy image url
Միտք Ներքին 3 часа назад - 19:00 07-07-2026

Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն ու նրան պատկանող ընկերություններում իրականացվող խուզարկությունները հերթական անգամ փոթորկել են Հայաստանի քաղաքական կյանքը։

Անկախ Ծառուկյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ կասկածից վեր է, որ վերջինս քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Սա հիմնավորում է այն պարզ իրողությունը, որ Գագիկ Ծառուկյանը իշխանությունների թիրախում հայտնվեց բացառապես այն բանից հետո, երբ որոշում կայացրեց մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ձևավորեց ընդդիմադիր առանցքային ուժերից մեկը, որն անցողիկ շեմը հաղթահարեց և միայն նախկին ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի գրչի մեկ հարվածով դուրս թողնվեց ԱԺ-ից, իսկ ձերբակալությունն ու խուզարկությունները հաջորդեցին ԿԸՀ-ի որոշմանը, որով ընտրությունների արդյունքները թողնվեցին ուժի մեջ։ Նախքան դա՝ 2021–2026 թվականներին, իշխանությունը Ծառուկյանին գրեթե չէր հիշում։

Սակայն տեղի ունեցողն ունի շատ ավելի լայն ենթատեքստ, քան ընդդիմադիր առանցքային ուժերից մեկի առաջնորդի նկատմամբ իրականացվող հետապնդումները։ Սա, նախևառաջ, հերթական ազդակն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական խորը ճգնաժամի մեջ է, որի աղբյուրն էլ լեգիտիմության դեֆիցիտն է։ Իշխանությունը, որը վստահ է իր լեգիտիմության վրա, քաղաքական հակառակորդների հետ մրցում է հանրության վստահության համար, ոչ թե իրավապահ համակարգի ռեսուրսներով։ Անառարկելի է, որ ցանկացած պաշտոնատար անձ կամ քաղաքական գործիչ պետք է պատասխան տա օրենքի առաջ, եթե կան հիմնավորված կասկածներ, որոնք իրենց հերթին ապացուցվում են դատարանում։ Սակայն, երբ նման գործողությունները համընկնում են քաղաքական գործընթացների հետ, հասարակության շրջանում ամրապնդվում է այն մոտեցումը, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, անգամ եթե պայմանականորեն ընդունենք, որ հետապնդվողն իսկապես մեղավոր է։

Տարբերությունը հասկանալու համար տեղին է զուգահեռներ անցկացնել 2021 թվականի հետընտրական իրավիճակի հետ։ 2021 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ նախընտրական քարոզարշավ էր վարել, թիրախավորել ու վիրավորել իր գլխավոր մրցակիցներին, սակայն ընտրություններից հետո նրա վարքագիծն աստիճանաբար դարձավ ավելի հանգիստ։ Չկային այնպիսի մասշտաբային ուժային գործողություններ ընդդիմության նկատմամբ, որոնք այսօր պարբերաբար տեսնում ենք։ Դա առնվազն ցույց էր տալիս, որ իշխանությունը վստահ էր իր դիրքերին։

Այսօր իրավիճակն այլ է։ Հունիսի 7-ի ընտրություններում տարած փխրուն հաղթանակից հետո իշխանության յուրաքանչյուր քաղաքական խնդիր, կարծես, լուծվում է նոր քրեական գործով, նոր ձերբակալությամբ, նոր խուզարկությամբ կամ հերթական ուժային օպերացիայով։ Իրականում սա ուժի ցուցադրում չէ, այլ քաղաքական անվստահության արտահայտություն, քանի որ լեգիտիմ իշխանությունը չի վախենում ընդդիմությունից։ Ավելին՝ փորձում է հաշտության եզրեր գտնել։ Լեգիտիմ իշխանությունը չի փորձում յուրաքանչյուր քաղաքական հակառակորդի վերածել քրեական գործի հերոսի։ Լեգիտիմ իշխանությունը չի ստեղծում այնպիսի մթնոլորտ, որտեղ քաղաքական պայքարն աստիճանաբար տեղափոխվում է քննչական մարմինների դաշտ։

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն իրականում բոլորովին այլ նպատա՞կ է հետապնդում։ Վերջին տարիներին նա բազմիցս հայտարարել է, ընտրություններից հետո էլ կրկնել, որ եթե ժողովուրդը ցանկանա, կարող է հեղափոխություն անել և իրեն հեռացնել իշխանությունից։ Այդ խոսքերը հնչել են հրապարակայնորեն, տարբեր առիթներով, որոնք, ըստ էության, ոչ թե պատահական խոսքեր էին, այլ քաղաքական ուղերձներ։

Հիմա վերջին իրադարձությունները հենց այդ հայտարարությունների լույսի ներքո դիտարկենք։ Իշխանությունը հունիսի 7-ից հետո շարունակաբար բարձրացնում է ներքաղաքական լարվածությունը, էլ ավելի է կոշտացնում հակադրությունն ու սրում հարաբերություններն ընդդիմության հետ և ավելի հաճախ է դիմում աղմկահարույց ուժային գործողությունների։ Եթե այս ամենը շարունակվի, ինչի հավանականությունը չափազանց մեծ է, ապա հասարակական բախումների հավանականությունը միայն կմեծանա։

Եվ այստեղ արդեն բնական հարց է առաջանում. արդյոք հենց սա չէ՞ այն քաղաքական միջավայրը, որի մասին Նիկոլ Փաշինյանն էր խոսում։ Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է քայլ առ քայլ ստեղծում այն պայմանները, որոնց արդյունքում ընդդիմությունը կփորձի իշխանափոխության հասնել փողոցային պայքարի միջոցով, որն էլ, ի վերջո, կվերածվի հեղափոխության։

Կարճ ասած՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխություն է ուզում։ Շատերը գուցե սրան թերահավատորեն մոտենան՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը հունիսի 7-ին ամեն գնով պահեց իր իշխանությունը, անգամ իր նախկին կուսակցին հնարավորություն տվեց ընդդիմադիր երրորդ ուժին զրկելու մանդատներից, որի արդյունքում ՔՊ-ն ստացավ խորհրդարանական մանդատների 3/5-ը և այժմ, նախկինի նման, կարող է ընդունել ցանկացած որոշում՝ բացառությամբ սահմանադրական փոփոխությունների։

Չի բացառվում, որ Փաշինյանն արտաքին դերակատարների առաջ, կամա թե ակամա, այնպիսի պարտավորություններ է ստանձնել, որոնց իրագործումն աղետալի հետևանքներ է ունենալու թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ անձամբ իր համար։ Այս իրավիճակում Փաշինյանը հեռանալու հնարավորություն էլ չունի. հիշյալ դերակատարները նրան թույլ չեն տա ո՛չ հրաժարական տալ ու հեռանալ, ո՛չ էլ ընտրություններում պարտվել։ Ուստի հեղափոխությունը մնում է նրա խաղաղ հեռացման միակ ճանապարհը։

Փաստացի Նիկոլ Փաշինյանն ընդդիմությունից խնդրում է փրկել թե՛ իրեն, թե՛ Հայաստանը՝ կոչ անելով հեղափոխություն իրականացնել։ Մեծ հաշվով, գնդակն այժմ ընդդիմության, առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ընդդիմադիր մյուս առաջնորդների՝ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի դաշտում է, որոնց պաշտոնական տվյալներով 560 հազար քաղաքացի վստահության քվե է տվել։

Կօգտվե՞ն նրանք այս բացառիկ հնարավորությունից, թե՞ բաց կթողնեն այն՝ ցույց կտա ժամանակը, որը, սակայն, չափազանց կարճ է…

Most Viewed

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
23:26 ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին