latest_news
copy image url
Խոսք Ներքին Արտաքին 3 часа назад - 22:00 06-07-2026

ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով ոչ լեգիտիմ ղեկավար է, ինչը Ռուսաստանը չի կարող իր հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի չառնել։ Դրա դրսևորումը եղավ այն, որ Միխայիլ Միշուստինը խոսեց հունիսի 7-ին կայացած ընտրությունների մասին, սակայն, ինչպես նկատեցիք, Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոյանը՝ անդրադառնալով այսօր Եկատերինբուրգում կայացած Փաշինյան-Միշուստին հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նա հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, որը հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին, ինչպես նաև ՀՀ-ում կայացած ընտրություններից հետո բարձր մակարդակի առաջին հանդիպումն է։


Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

Քաղաքագետի գնահատմամբ՝ Փաշինյանի այցի նպատակը նախևառաջ տնտեսական հարցերի քննարկումն էր, մասնավորապես՝ հնարավորությունների ստեղծումը, որպեսզի հայկական ապրանքները վերադառնան ռուսական շուկա։

«Իրեն անհրաժեշտ է, որ հայկական ապրանքներն ու հայկական գործարարները կրկին մուտք ունենան ռուսական շուկա, որովհետև Եվրոպական միությունը Հայաստանին գումար չփոխհատուցեց։ Առաջարկվեցին մաքսային արտոնություններ, սակայն դա կարող է վերածվել զրոյի, քանի որ հայկական արտադրանքը կարող է չհամապատասխանել եվրոպական նորմերին ու ստանդարտներին, իսկ Հայաստանին պետք էր, այսպես ասած, քեշ փող։ Այդ քեշ փողը Եվրոպայից չտվեցին»,- ասաց նա։

Բենիամին Մաթևոսյանը քիչ հավանական է համարում, որ Փաշինյանին կհաջողվի Միշուստինի հետ հանդիպման արդյունքներով լուծել հայկական ապրանքների՝ Ռուսաստան վերադառնալու հարցը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է անընդունելի համարել Հայաստանի՝ Եվրամիության հետ ինտեգրման ուղղու մեկնարկը՝ այն դեպքում, երբ երկիրը շարունակում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։

«Ռուսաստանն ինչու պետք է փոխի իր մոտեցումը, որը հրապարակայնորեն ներկայացվել է Վլադիմիր Պուտինի կողմից՝ դեռևս ապրիլի 1-ին։ Նույնիսկ դեպի Եվրամիություն ուղղի սկսելը, լինելով ԵԱՏՄ անդամ, Ռուսաստանում համարում են անընդունելի և անիրատեսական։ Եթե Հայաստանը չի հրաժարվում այդ ուղղուց, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, հիշում եք, վերջերս ասաց, որ ինքը Սերժ Սարգսյան չի լինի, այսինքն՝ 2013 թվականի իրողությունը չի կրկնվի, և 1 գիշերվա ընթացքում ԵՄ-ից դեպի Մաքսային միություն այլևս ոչ ոք չի գնա, ուստի ռուսական շուկայի հետ հասանելիության խնդիրները շարունակելու են պահպանվել՝ անկախ նրանից՝ ինքը Միշուստինի հետ հանդիպեց, 1 ժամ խոսեց, 1,5 ժամ խոսեց, թե ինչ արեց»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում էլ ռուսական կողմից շնորհավորանք չլինի, Մաթևոսյանը պատասխանեց, որ սա արդեն էական չէ։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ եղավ բարձր մակարդակի հանդիպում, Միշուստինը խոսեց ընտրությունների մասին, բայց Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց։

Քաղաքագետը հավելեց նաև, որ Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի հետ շփումները պաշտոնապես իջեցվել են վարչապետի մակարդակի։