Այսօր Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:
«Մենք այսօր ծանր կորուստներ ենք ունեցել։ Քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել»,-տելեգրամյան ալիքում գրել է Գուսևը։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ բուժհաստատություններ են դիմել մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծ մասը օգնություն ցուցաբերելուց հետո տուն է գնացել:
«Անձամբ իմ և մարզային իշխանության կողմից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշել է Գուսևը։
Ամենամեծ վնասը պատճառվել է Վորոնեժի ձախափնյա հատվածում գտնվող արդյունաբերական ձեռնարկությանը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Այն մարվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին: Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները չափել են օդի ցուցիչները. վտանգավոր նյութերի գերազանցումներ չեն հայտնաբերվել:
Բեկորների ընկնելու հետևանքով 10 բազմաբնակարան շենքի ճակատային մասեր և պատուհաններ են վնասվել։ Բացի այդ, տուժել է 6 սեփական տուն՝ հիմնականում վնասվել են դրանց տանիքները։ Այս պահի դրությամբ ստացվել է նաև ավտոմեքենաների վնասման վերաբերյալ մոտ 50 դիմում։
«Բնականաբար, հարձակման հետևանքով բոլոր տուժածներին օգնություն կցուցաբերվի։ Ավելի վաղ սահմանված կարգի համաձայն՝ զոհվածների ընտանիքներին կվճարվի 1-ական մլն ռուբլի, իսկ լուրջ վնասվածքներ ստացածներին՝ 300 հազար ռուբլի: Հանձնարարել եմ հասցեական աշխատանք տանել նաև զոհվածների ընտանիքների հետ», - վստահեցրել է մարզպետը։