Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում անկախ հռչակված պետական կառույցները վերածվել են քաղաքական իշխանության վարքագծի սրբագրման և արդարացման գրասենյակների: 2026 թվականի մայիսի 26-ի N 11/2026/Վ/Վ որոշմամբ հանձնաժողովը, Մարիամ Գալստյանի նախագահությամբ, մերժել է Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա վարույթի հարուցումը՝ պաշտոնապես օրինականացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային հարթակներից հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը:

ԿԸՀ այս փաստաթղթի ամենացնցող և աբսուրդային հատվածը վերաբերում է նրան, թե ինչպես է հանձնաժողովը փորձում վերաձևակերպել հայերենի բառապաշարն ու հասկացությունները: Ըստ ԿԿՀ֊ի պաշտոնական մեկնաբանության՝ Ն. Փաշինյանի կողմից քաղաքական հակառակորդների հասցեին հնչեցրած «կզացնել», «չոքացնել» և «սատկացնել» արտահայտությունները չեն պարունակում ֆիզիկական բռնության սպառնալիք:
Հանձնաժողովը պնդում է, որ այդ բառերը վերաբերում են ոչ թե բռնությանը, այլ «օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելուն»: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա «Արդի հայերենի բացատրական բառարանը» պետք է շտապ փոփոխության ենթարկվի, իսկ իրավապահ մարմիններն ու դատարաններն իրենց պաշտոնական որոշումներում «օրենքի ուժով պատժել» ձևակերպման փոխարեն պետք է սկսեն օգտագործել «սատկացնել» տերմինը:

Որոշման մեջ ԿԿՀ֊ն արձանագրում է, որ դիմակավորված անձանց կողմից Ն. Փաշինյանի հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ (օրինակ՝ «ինքը սուկա ա»), ուստի վարչապետի կիրառած պատասխան հայհոյանքներն ու սպառնալիքները եղել են «համարժեք»:

Այստեղ ծագում է հիմնավոր հարց. երկրի ղեկավարի վարքագծի և էթիկայի կանոնների նշաձողը երբվանի՞ց է հավասարեցվում փողոցային հայհոյանքների մակարդակին: Պետական բարձրաստիճան պաշտոնյան, ով տնօրինում է հանրային ռեսուրսներ և ունի իշխանական լծակներ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, այլ ոչ թե առաջնորդվել «ակն ընդ ական» փողոցային սկզբունքով: Ավելորդ է նույնիսկ հիշեցնել, որ հարյուրավոր շարքային քաղաքացիներ նմանատիպ խոսքերի համար այսօր ենթարկվում են իրական քրեական պատասխանատվության, ինչը փաստում է երկրում առկա ակնհայտ երկակի ստանդարտների մասին:
Ի դեպ, Հանձնաժողովը շրջանցել է Վարքագծի կանոնագրքի 61-րդ և 62-րդ կետերի ակնհայտ խախտումները, որոնք պահանջում են պաշտոնատար անձանցից պահպանել քաղաքական չեզոքություն և զսպվածություն, հատկապես նախընտրական շրջանում:
Վարչապետի պաշտոնն ու դրա ընձեռած հանրային հարթակները օգտագործվել են քաղաքական հակառակորդներին ահաբեկելու և նախընտրական քարոզչության նպատակով: ԿԿՀ֊ն գտել է, որ Փաշինյանի խոսքը չի անդրադարձել այլ պաշտոնատար անձանց վարքագծին, հետևաբար չեզոքության խախտում չկա:

Հանձնաժողովն արդարացնում է այս վարքագիծը՝ այն որակելով որպես «նախընտրական շրջանում տարաբնույթ կարծիք արտահայտելու ազատություն», որն իբր անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:
Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համապատասխան հոդվածներով՝ ԿԿՀ֊ն կայացրել է իրավական տեսանկյունից ամոթալի մի որոշում: Մերժելով վարույթի հարուցումը՝ հանձնաժողովը ցույց տվեց, որ իշխանության բարձրագույն օղակների համար էթիկայի և վարքագծի կանոններ գոյություն չունեն։
Այս որոշմամբ հանձնաժողովը կանաչ լույս վառեց հանրային խոսքում ատելության, սպառնալիքների ու հաշվեհարդարի կոչերի համար։ Պետական կառույցը պաշտոնապես թույլատրեց նման բառամթերքի օգտագործումը՝ արդարացնելով քաղաքական հակառակորդներին վախեցնելու խոսույթը։