Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում սալորի իրացման լուրջ ճգնաժամ է ստեղծվել։ Այգիներում և դաշտերում կուտակված է ավելի քան 1000 տոննա սալորի բերք։ Մթերողների պասիվության և ցածր գների պատճառով գյուղացիները հայտնվել են կանգնած վիճակում։ Խնդրի սրության պատճառով բնակիչները նույնիսկ դիմել էին ծայրահեղ քայլի՝ փակելով ճանապարհը, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեն իրենց խնդրի վրա։
«Բարեբախտաբար, այս պահին փչացած բերք դեռ չկա, սակայն սալորը լիարժեք հասունացել է, և եթե մոտակա մի քանի օրերի ընթացքում մթերում չկազմակերպվի, բերքը կսկսի թափվել և փչանալ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Վահամ Խոսրովյանը։
Նա նշեց, որ այգետերերն այս խնդրով դիմել են թե համայնքապետարան, և թե Արմավիրի մարզպետարան։ Երկու կառույցներն էլ ամբողջությամբ տեղյակ են խնդրից։
Խոսրովյանը հավելեց, որ մարզպետարանի միջնորդությամբ այսօր գյուղապետարանում նախատեսված է հանդիպում արտահանող կազմակերպությունների և գյուղացիների միջև։ Հանդիպման ընթացքում տեղում պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մթերման կարգի, ժամկետների և մեկնարկի վերաբերյալ։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ ներկայումս պետությունը սուբսիդավորում է արտահանողներին։
«Քարակերտի գյուղացիների հիմնական պահանջն ու ակնկալիքն է, որ կառավարությունը սուբսիդավորի նաև տեղական չրագործներին։ Դա թույլ կտա բարձրացնել սալորի ինքնարժեքը շուկայում, ներքին սպառման լրացուցիչ հնարավորություն կստեղծի և կապահովի արդար գին ֆերմերների համար»,-ասաց մեր զրուցակիցը։