Քաղաքական անպատասխանատվության հերթական դրսևորումն է արձանագրվել։ Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 6-ին վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել վեց բնակիչ։ Նրանցից երեքը հոսպիտալացվել են, մյուսներին օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր պայմաններում։
Սա Բյուրեղավանում խմելու ջրից զանգվածային թունավորման 3-րդ դեպքն է, որը նշանակում է, որ քաղաքական պատասխանատուները ուշադրություն չեն դարձնում խնդրին, դաս չեն քաղում, անհրաժեշտ քայլեր չեն կատարում, որ Բյուրեղավանում չկրկնվեն ջրից թունավորումները։
Բյուրեղավանում թունավորման նախորդ դեպքերի հետ կապված քանի՞ պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվել, քանի՞սն են պաշտոնանկ արվել, խիստ նկատողություն ստացել։ Օրինակ՝ ՏԿԵՆ-ում որևէ մեկը պատասխանատվություն զգո՞ւմ է, որ Բյուրեղավանում մարդիկ թունավորվում են։ Մարզպետարանում, համայնքապետարանում պատասխանատու կա՞ այս խնդրի հետ կապված։ Առողջապահության նախարարությունում կա՞ մի օղակ, որը զանգվածային թունավորումները կանխելու խնդիրներով է զբաղվում։
Ասում են՝ պատասխանատուն ֆրանսիական մասնավոր ընկերությունն է, որն իրականացնում է ջրամատակարարումը։ Եթե այդպես է, ապա «Վեոլիային» պետք է պարտավորեցնել այնպես անել, որ թունավորման դեպքեր չլինեն։ Իշխանությունները «Վեոլիայի» վրա ճնշման լծակ չունե՞ն։ «Վեոլիան» իր հերթին հայտարարում, է, թե ինքը մեղավոր չէ, խնդիրը համայնքային իշխանությունների դաշտում է։ Եթե «Վեոլիան» ճիշտ է ասում, ապա ինչո՞ւ համայնքային պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվում։
Ասում են՝ եթե մարդիկ չեն մահացել այս թունավորումներից, ապա խնդիրը լուրջ չէ։ Ուստի՝ պատիժների կարիք չկա։ Սա սխալ մոտեցում է, քանի որ մարդու առողջությունը պահպանելը պետության պարտավորությունն է։ Իսկ այս պարագայում իշխանությունները անհրաժեշտ քայլեր չեն արել։ Եվ եթե այս անգամ ևս ոչինչ չանեն, ապա թունավորման դեպքերը կշարունակվեն ու բազմաթիվ մարդկանց առողջությունը կվնասվի։
Այս տագնապալի ֆոնին վրդովեցնում է Նիկոլ Փաշինյանի քողարկված ակնարկը ջրի հնարավոր թանկացման մասին։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին, ելույթ ունեցել և ասել, թե «պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ»։ Ենթադրելի է, որ բարեփոխումները ծախսատար են լինելու։ Եվ այդ ծախսերը ծածկելու համար ջուրը թանկանալու է։
Բյուրեղավանում ջրի խնդիրը ներառվելո՞ւ է այս քարտեզում։ Ողջամիտ կասկած կա, որ Փաշինյանի ընդարձակ ելույթը ջրային բարեփոխումների մասին բարի ցանկություն է, սակայն դրանից կարող են օգտվել ՏԿԵՆ-ը, «Վեոլիան» և ՀԾԿՀ-ն ու միասնաբար որոշեն՝ թանկացնել ջուրը։ Այս կասկածն անհիմն չէ։
Մեր երկրում, ցավոք, բազմաթիվ բաներ թանկացել են, բայց որակը չի բարձրացել։ Տարիներ առաջ թանկացավ գազը, բայց որակը մնաց նույնը։ Հոսանքը ևս թանկացավ, որակը չլավացավ։ Հեղուկ գազը նկատելի թանկացավ, բայց որակը մնաց նույնը։ Մթերային բազմաթիվ ապրանքներ թանկացել են, բայց որակը չի բարձրացել։ Ի սեր ճշմարտության՝ նկատենք, որ տրանսորտի բարեփոխումների դեպքում թանկացումն ուղեկցվեց որակի բարելավմամբ, նոր ավտոբուսներ ու տրոլեյբուսներ հայտնվեցին քաղաքում, փոխարինելով դարն ապրածներին։
Դավադրության տեսության կողմնակիցները, սակայն, այլ վարկած են առաջ քաշում, կասկած հայտնելով, որ ջրից զանգվածային թունավորումները կազմակերպվում են ջրի թանկացումն արդարացնելու համար։ Այսինքն՝ սկզբում թունավորում են ջուրը, հետո խոսում ջրային բարեփոխումների անհրաժեշտության մասին, այնուհետև թանկացնում ջուրը, բայց միաժամանակ ընդգծում, որ ծախսատար բարեփոխումներն անում են սիրելի ժողովրդի համար, որ թունավորման ցավալի դեպքերը չկրկնվեն։
Կարճ ասած՝ մտավախություն կա, որ ջրային բարեփոխումների քողի տակ առաջկայում ջուրը կթանկանա, սակայն որակը չի բարձրանա։ Եվ եթե ինչ-ինչ պատճառով մարդիկ ջրից թունավորվեն, ապա Առողջապահության նախարարին ու հիվանդանոցի բժիշկներին կպատվիրեն չհաստատել ջրից թունավորման ախտորոշում, ստեղծելով պատրանք, թե ջրից թունավորման դեպքեր ՀՀ-ում չկան։