ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տիեզերագնացները Միջազգային տիեզերական կայանից (ՄՏԿ) համատեղ ելք են կատարել բաց տիեզերք․ ֆրանսիացի աստղանավորդ Սոֆի Ադենոյի համար այս ելքը պատմական էր, քանի որ նա դարձավ առաջին ֆրանսուհին, ով դուրս է եկել կայանի սահմաններից, հայտնում է AFP-ն:
Ադենոն բաց տիեզերքում աշխատել է ամերիկացի աստղանավորդ Անիլ Մենոնի հետ:
Ելքը տևել է մոտ 6.5 ժամ՝ Երկրից շուրջ 400 կիլոմետր բարձրության վրա: Աստղանավորդների հիմնական խնդիրն էր փոխարինել անտենան, որն ապահովում է ՄՏԿ-ի կապը Հյուսթոնի Թռիչքների կառավարման կենտրոնի հետ:
«Ես դուրս եկա»,- ասել է 44-ամյա Սոֆի Ադենոն կայանը լքելուց հետո:
Գործողությունից առաջ ֆրանսիացի տիեզերագնացը մի քանի օր պատրաստվել է ելքին՝ մշակելով սկաֆանդրի, գործիքների և անվտանգության համակարգերի հետ գործողությունները:
«Բաց տիեզերք հաջող ելքը սկսվում է լյուկի բացվելուց շատ ավելի առաջ: Հենց սրա վրա էի կենտրոնացել վերջին մի քանի օրերին՝ փորձեր էի անում, պատրաստվում ու կենտրոնանում», — X սոցիալական ցանցում գրել է Սոֆի Ադենոն:
Ելքի ընթացքում Ադենոն և Մենոնը պետք է ապամոնտաժեին հին անտենան, հանեին նորը և տեղադրեին այն կայանի վրա: Աստղանավորդների աշխատանքին ՄՏԿ-ի ներսից հետևել են բորտինժեներ Ջեք Հեթեուեյը և կայանի հրամանատար Ջեսիկա Մեյրը, ով ղեկավարում էր ռոբոտացված մանիպուլյատորը:
Ադենոն դարձավ Եվրոպայից երկրորդ կինը, ով ելք է կատարել բաց տիեզերք: Առաջինը իտալացի աստղանավորդ Սամանթա Քրիստոֆորետին էր, ով ՄՏԿ-ի սահմաններից դուրս էր եկել 2022 թվականին:
Մասնագիտությամբ ինժեներ և նախկին փորձարկող-օդաչու Սոֆի Ադենոն փետրվարին դարձավ պատմության մեջ երկրորդ ֆրանսուհին (Քլոդի Էնյերեից հետո), ով մեկնել է տիեզերք: