Ներքին 1 ժամ առաջ - 20:00 18-08-2026

Սա առևանգման նման մի բան է, ոչ թե զորակոչ․ իրավապաշտպանը պնդում է՝ ՊՆ-ն ոտնահարել է 20-ամյա Նարեկի իրավունքները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի զինված ուժերում զորակոչի կազմակերպման ընթացքում արձանագրվել է հերթական աղաղակող դեպքը։ 20-ամյա Նարեկ Թադևոսյանին, ով առողջական լուրջ խնդիրների պատճառով նախկինում արդեն երկու անգամ տարկետում էր ստացել, ոչ աշխատանքային օրով, հապշտապ զորակոչել են բանակ։

Երիտասարդը հասցրել է միայն զանգահարել հարազատներին և հայտնել․ «15 րոպեից տանում են»։ Նարեկի զորակոչով սոցիալական բացարձակ անօգնականության մեջ է հայտնվել նրա խուլուհամր մայրը, ով որդու հետ բնակվում էր վագոն-տնակում և զրկվել է իր միակ խնամողից ու հենարանից։

Այս աղմկահարույց դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը փորձեց Պաշտպանության նախարարության հետ կապ հաստատել, սակայն չհաջողվեց։

Իրավիճակին իրավական ու բարոյական գնահատական տվեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպանը նախ հորդորեց ընտանիքին և հարազատներին ժամանակ չկորցնել և անմիջապես զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին, քանի որ ՄԻՊ-ը Հայաստանում հանդես է գալիս նաև որպես խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմ։

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ նույնիսկ եթե մի կողմ դնենք տղայի առողջական խնդիրները, միայն վագոն-տնակում ապրող խուլուհամր մոր գործոնը բավարար էր, որ պետությունը նրան բանակ չտաներ։

«Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի առևանգման նման մի բան է։ Սա մոր հանդեպ ակնհայտ դաժան վերաբերմունք է։ Բացի բարոյական կողմից, սա արգելված է նաև օրենքով։ Օրենքում կա հստակ կետ, որը պաշտպանում է միակ խնամող հանդիսացող քաղաքացիների իրավունքները»,- ասաց իրավապաշտպանը։

Նկատենք, որ 20-ամյա Նարեկի անցյալը փաստում է, որ նա ունեցել է առողջական քրոնիկ խնդիրներ, ինչի պատճառով նախկինում 2 անգամ ստացել է տարկետում։

Իրավապաշտպանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել կամայականություն թույլ տված պաշտոնյաներին․ «Եթե նախորդ տարկետումները ճիշտ չեն եղել, ապա պետք է պատասխանատվության կանչվեն նրանք, ովքեր այդ տարկետումը տվել են։ Կամ հակառակ պարագայում, ինչին ես ավելի կողմնակից եմ, պիտի պատասխանատվության կանչվեն նրանք, ովքեր հիմա, առանց ապացուցելու, թե ինչ դրական փոփոխություն է տեղի ունեցել տղայի առողջության մեջ, հանկարծակի ու կայծակնային կերպով նրան պիտանի ճանաչեցին զորակոչի համար»։

Ալավերդյանը նաև ահազանգում է, որ նմանատիպ ապօրինությունները վտանգում են առաջնագիծը․ «Այս ամենը ուղղակի վրդովեցնում է մարդկային առումով։ Բայց խնդիրը միայն մարդը չէ, այլև մեր անվտանգությունը։ Եթե դուք բանակ եք տանում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, ո՞վ է պատասխանատվություն կրելու, որ վաղը նա հիվանդանա սահմանին կամ դիրքում կանգնած ժամանակ։ Նրանք, ովքեր Սահմանադրությունը չեն կարդում, կամ կարդում են միայն ոտնահարելու համար, պետք է ի վերջո հասկանան, որ ենթակա են խիստ պատասխանատվության»,- եզրափակեց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը։