Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 52 րոպե առաջ - 14:37 13-08-2026

«Ալեքս Տեքստիլ»-ին կառավարությունը նոր արտոնություն տվեց

Կառավարությունը գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության համար ընդլայնեց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Ըստ նախագծի` արտոնության ընդհանուր չափը գնահատվում է 113,8 մլն դրամ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծի համաձայն՝ ընկերությանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին թույլատրվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և նյութեր ներմուծել՝ ազատվելով մաքսատուրքից։

Այժմ ընկերությունը ցանկանում է ներմուծել ևս 85,4 մլն դրամի հումք։ Հիմնավորման համաձայն՝ լրացուցիչ ներմուծման անհրաժեշտությունն առաջացել է պատվերների մեծ քանակի պատճառով՝ արտադրական գործընթացի բնականոն ընթացքը չխաթարելու համար։

Փոփոխություններից հետո ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 1,7 մլրդ դրամ, իսկ դրանց նկատմամբ կիրառվող մաքսատուրքից ազատման արտոնությունը կգնահատվի 113,8 մլն դրամ։